Քաղաքական

31.10.2019 16:35


Կենսաբանական լաբորատորիաները ՀՀ իրավասության ներքո են գործում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների այցի մասին

Կենսաբանական լաբորատորիաները ՀՀ իրավասության ներքո են գործում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների այցի մասին

Կենսաբանական լաբորատորիաները տեղի մասնագետներով համալրված և Հայաստանի իրավասության ներքո գործող լաբորատորիաներ են։ Լաբորատորիաների տնօրինմանն առնչվող հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի կառավարությանը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

«Մենք գործակցում ենք ՀՀ-ի հետ երկկողմ տնտեսական, քաղաքական, դատաիրավական և անվտանգության հարցերի լայն տիրույթում։ 2008 թ․ սկսած` այս գործակցության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել ՀՀ կենսաբանական լաբորատորիաներին, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի կենսաբանական անվտանգության և ապահովության համար։ Ինչպես վերջերս փաստեց ՀՀ կառավարությունը, սրանք տեղի մասնագետներով համալրված և Հայաստանի իրավասության ներքո գործող լաբորատորիաներ են։ Այս լաբորատորիաների կամ ՀՀ կառավարության կողմից դրանց տնօրինմանն առնչվող հավելյալ հարցերի դեպքում, խնդրում ենք, դիմել Հայաստանի կառավարությանը»,- ասվում է հարցման պատասխանում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ին այցելելու է Հայաստան: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը՝ իր աղբյուրների հղումով, այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի տրամադրած միջոցներով: Նրանց թվում, ովքեր կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա, ՌԴ առողջապահության ու պաշտպանության նախարարությունների մասնագետներն են:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի լուրը հաստատել էր նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով կենսաբանական լաբորատորիաների հետ կապված փաստաթուղթ ստորագրելու հարցին` Աննա Նաղդալյանն ասել էր, որ նախքան փաստաթղթերի ստորագրումը դրանց բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի կարող տալ: ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը