Լրահոս

15.02.2011 09:45


Ինքնախոստովանական բացատրությունը և ցուցմունքը գրվել են ծեծի, խոշտանգումների և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ

Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ` ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Շուրջ մեկ տարի է, ինչ նրանք կալանավորված են: Քր. գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում: Դատավարությունը, մինչև ս.թ. հունվարի 11-ը, վարում էր դատավոր Արմեն Խաչատրյանը, այժմ գործի վարույթը հանձնվել է դատավոր Մխիթար Պապոյանին:

Քր. գործի հիմքում դրված միակ ապացույցը Ստեփան Հովակիմյանի «ինքնախոստովանական» ցուցմունքն է, որը կորզվել է խոշտանգումների միջոցով: Ինքնախոստովանական ցուցմունքում գրված դետալները այլ ապացույցներով չեն հիմնավորվել:

Գողությունը «Մոսկվա» կինոթատրոնում կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այդ ընթացքում Ս. Հովակիմյանը երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. որտեղ փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները: Ոչ մարդկային մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը`Վ. Քերոբյանը:

Քր. գործում, բացառությամբ նշված «ինքնախոստովանական» ցուցմունքի, Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի հանցնաքը հաստատող որևէ այլ ապացույց չկա: Մեղադրական եզրակացությունը կազմելիս քննիչը առաջնորդվել է ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ ճիշտ հակառակը: Քր. գործը կառուցված է գողությունը այս տղաների կողմից կատարելու ենթադրության և տուժող կողմի անհիմն կասկածի հիման վրա:

Կողմնակալ և փաստերի ոչ բազմակողմանի քննությամբ է ընթացել նաև դատավարության գործընթացը: Դատարանը մերժել է հետազոտել պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր այն ապացույցները, որոնք կարող էին հաստատել Ս. Հովակիմյանի` ինքնախոսովանական ցուցմունքի` հորինված լինելը և ոստիկանությունում նրան խոշտանգումների ենթարկելու փաստը:

Ս. Հովակիմյանը դատարանում հայտարարել է, որ ինքնախոստովանական բացատրությունը և ցուցմունքը գրվել են ծեծի, խոշտանգումների և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ. «3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: …Որոշ ժամանակ ծեծելուց հետո, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին` ընկերուհուս: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»:

Ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարության ընթացքում (դատավոր Արմեն Խաչատրյան) խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններին որևէ ընթացք չի տրվել:

Դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահության դատական պրոցեսն ընթացել է արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների ակնհայտ խախտումներով: Տուժող և մեղադրող կողմերի ներկայացրած բոլոր փաստարկները, առանց որևէ բացառության, ընդունվել են որպես ճշմարտացի, իսկ ամբաստանյալների փաստաբանների (Տիգրան Սաֆարյան և Գիվի Հովհաննիսյան) ներկայացրած միջնորդությունները, որոնք կարող են նպաստել գործի բազմակողմանի քննությանը, մերժվել են գրեթե ամբողջությամբ: Մասնավորապես, «Մոսկվա» կ/թ կողմից ներկայացված գողոնի չափը հաստատող ֆինանսական փաստաթղթերում առկա են կեղծ ստորագրություններ և բազմաթիվ անհստակություններ: Մեղադրանքի հիմքում դրված են երկու տարբեր մոնտաժված տեսաերիզներ: Քր. գործում փորձագիտական որևէ կարծիք կասկածյալների և կադրերում երևացող երիտասարդի նույնականության մասին չկա:

Խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելը, առանց հիմնավորումների անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, մինչ այժմ դատաքննությունը կողմնակալ և ոչ բազմակողմանի վարելը պաշտպանական կողմի մոտ առաջացրել են մտավախություն, որ դատական գործընթացը նպատակաուղղված է ոչ թե արդարադատության հաստատմանը, իրական հանցագործների բացահայտմանը, այլ մեղադրող կողմի կարծիքի և ենթադրությունների հիման վրա անձանց դատապարտմանը` առանց ուղղակի ապացույցների առկայության:

Այս ընթացքում եղել են բազմաթիվ հրապարակումներ մամուլում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է Lragir.am լրատվամիջոցում 2010թ. դեկտեմբերի 27-ին հրապարակված «Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել» հոդվածին` այն ուղարկելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն կատարելու համար: Սակայն կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է հրապարակման հիման վրա նյութեր նախապատրաստեր և հարուցեր քրեական գործ, կատարեր անաչառ քննություն: Մտավախություն ունենք, որ ընդամենը ծառայողական քննություն կատարելու միջոցով փորձ է արվելու «կոծկել» կատարված ծանր հանցագործությունը:

Խոշտանգումների վերաբերյալ Ստեփան Հովակիմյանը և փաստաբան Տիգրան Սաֆարյանը հաղորդում են ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Առաջիկա դատական նիստը նշանակված է ս.թ. փետրվարի 22-ին, ժամը 12.00:

Գործին առընչվող հրապարակումներին և այլ փաստերի կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում` http://stepanhovakimyan.wordpress.com/:

Այս խորագրի վերջին նյութերը