Լրահոս

15.02.2011 00:01


Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհավորում է Եգիպտոսի ժողովրդին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհավորում է Եգիպտոսի ժողովրդին, երկրում 30 տարի գոյություն ունեցող բռնապետական ռեժիմը տապալելու կապակցությամբ։

Եգիպտոսի իշխող ռեժիմը գտնվելով հոգևարքի մեջ, ոստիկանական հատուկ ստորաբաժանումների և օլիգարխների բանդաների օգնությամբ, քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու միջոցով փորձեց կոտրել ժողովրդի կամքը և լռեցնել ցասման պոռթկումը։ Ստանալով արժանի հակահարված, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց։

Արդար, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ստեղծելու համար Եգիպտոսի ժողովուրդը, ինչպես ցանկացած ազատատենչ ժողովուրդ, պետք է ցուցաբերի հավաքական կամք և նվիրում կերտելու այն երկիրը, որը յուրաքանչյուր Քաղաքացու մտքում, հոգում և սրտում է։

Բռնապետական, ոստիկանական կառավարման համակարգերը այլևս սպառել են իրենց և բռնապետների տապալումը, ինչ դիմակով էլ նրանք փորձեն ներկայանալ աշխարհին, դառնում է օրվա հրամայական և պահանջ ոչ միայն տվյալ երկրների ժողովուրդների, այլ նաև այդ բռնակալների տերերի համար։ Նրանք ավելորդ են դառնում կույրաղիքի նման և վաղ թե ուշ հայտնվելու են լավագույն դեպքում կամ քաղաքական աղբանոցում կամ ճաղերի հետևում։

Ղրղզստանում, Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած ժողովրդական ընդվզումները վերաճելով քաղաքացիական անհնազանդության, տապալեցին բռնապետական, հակաժողովրդական, հակամարդկային ռեժիմները։ Ընդ որում, այդ հեղափոխությունները տեղի ունեցան ոչ համապետական ընտրությունների ժամանակ, ոչ էլ ընտրություններին նախորդող կամ հաջորդած ժամանակահատվածում, ինչը հայաստանյան քաղաքական ընդդիմությունը ներկայացնող ղեկավարների մեծ մասի համար պետք է որ խորհելու առիթ դառնա։

Երեկ Արցախյան Ազատամարտում հայ ժողովուրդը իր լավագույն զավակների զոհողությունների, միակամության և նվիրումի գնով, ազատագրելով Արցախ Աշխարհի մի մասը արտաքին թշնամուց՝ ժողովուրդների համար բանտ հանդիսացող Ադրբեջան կոչվող պետությունից, այսօր պետք է ազատագրվի հայ մարդու արժանապատվությունը նվաստացնող, ոտնահարող և հարստահարող, Հայոց պետականությունն ուղղակի վտանգող հակահայ ռեժիմից։

Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը