Հարցազրույց

30.10.2019 12:29


Թե՛ կալանավորումները, թե՛ Հունանյանի հարցն օրակարգ բերելը մի շղթա է, որով ցանկանում են իշխանություն պահել. Վարդան Բոստանջյան

Թե՛ կալանավորումները, թե՛ Հունանյանի հարցն օրակարգ բերելը մի շղթա է, որով ցանկանում են իշխանություն պահել. Վարդան Բոստանջյան

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի թեմայի օրակարգ բերելու, դրա պատճառների մասին Tert.am-ը զրուցել է 1999 թվականին պատգամավոր ընտրված, 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում գտնված Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարոն Բոստանջյան, ինչո՞ւ է օրակարգ բերվել Նաիրի Հունանյանի թեման:

-Ես էլ եմ ցանկանում հասկանալ` արդյոք ի՞նչ նպատակ է հետապնդվում՝ այդ թեման օրակարգ բերելով: Ամեն դեպքում` ես ինքս տեսել եմ այդ պրոցեսը, երևույթը. հիմա էլ տարբեր կայքեր գրում են, որ դրա համար (թեման օրակարգ բերելու) մարդիկ են եղել շահագրգռված, որոնք ցանկացել են տեղավորվել ամենատարբեր պաշտոններում: Ամենայն հավանակնությամբ, դրա չլինելու հետևանքով հիմա այլ ուղղություններ են փնտրում:

-Գուցե Հունանյանին ցանկանում են օգտագործել իշխանություների համար անցանկալի մարդկանց դեմ ցուցմունքներ կորզելու համա՞ր:

-Եթե հանկարծակի այդպիսի բան էլ տեղի ունենա, ես դրան զարմանքով չեմ նայի, որովհետև հասկանում եմ, որ իշխանության դեմ պայքարը մարդկության պատմության մեջ միշտ եղել է այդպես: Հասկանում եք՝ ոչ մի ներում ու բեկում չկա, իշխանության համար պայքարում դիմում են ամենավատ միջոցների և, իմ խորին համոզմամբ, այստեղ է գործում այն գաղափարը, երբ ասում են՝ նպատակին հասնելու համար ցանկացած միջոց արդարացված կարող է համարվել:

-Մտավախություն չունե՞ք, որ «Մարտի 1»-ի գործով իրենց ցանկալի արդյունքներին չեն հասնում, հիմա ցանկանում են օգտագործել Հունանյանին:

-Հնարավոր է, որովհետև բոլոր դեպքերում՝ և՛ «Մարտի 1»-ի գործի, և՛ ընդհանրապես հանրապետությունում տեղի-անտեղի ձերբակալությունների պատճառով ինչ-որ տեղ մարդու արտասվել և ծիծաղ է գալիս: Նույնիսկ կարծիքներ կան, որ մարդուն ձերբակալում են, որից հետո են մտածում` արդյոք պատճառ կա՞, թե՞ չկա: Հիմա նման պայմաններում ամեն ինչ հնարավոր է:

-Կարծո՞ւմ եք, որ թե՛ այդ կալանավորումները, մարդկանց ազատությունից զրկելը, թե՛ Հունանյանի հարցի օրակարգ բերելը մի շղթա է, որով իշխանությո՞ւն են ցանկանում պահել:

-Այո, այդպես եմ կարծում:

-Արդյո՞ք վտանգված է իշխանությունը, որ նման քայլերի դիմեն:

-Թույլ իշխանության համար միշտ էլ վտանգներ գոյություն ունեն: Երբևիցե որևէ մեկը չի կարող համոզված լինել, որ ինքը հաստատուն իշխանությունը պահելու է, և դա հավերժ է լինելու: Խոշոր առումով՝ ցանկացած իշխանություն տեսանելի և անտեսանելի ձևով իր արտացուլումն է ստանում հասարակության մեջ: Ժողովուրդը, որքան էլ ապակողմնորոշված լինի, կամ ժողովրդական լեզվով ասած՝ խաբված լինի, թեկուզ ուշ, բայց հասկանում է, թե ինչն ինչոց է, ուստի որևէ իշխանություն չի կարող համոզված լինել, որ իրենք հաստատուն են և միշտ:

-Պարոն Բոստանջյան, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով. այս մասին ի՞նչ կասեք:

-Ես Վազգեն Մանուկյանին ճանաչում եմ հայ իրականության մեջ հատկապես վերջին շրջանի ժամանակներում որպես ամենախոշոր մտածողներից ու երկրի համար ցավացող մարդկանցից մեկը: Բոլոր նրանք, ովքեր հանկարծակի կփորձեն Վազգեն Մանուկյանին որևէ բան ասել, դա շատ վտանգավոր բան է, այդ մարդիկ, կարող է պատահի, որ ամոթից զոհվեն, որովհետև բոլորը չափազանց ու անսահման փոքր են Վազգեն Մանուկյանի առջև:

Այս խորագրի վերջին նյութերը