Լրահոս

29.10.2019 15:11


Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստերին մասնակցելուն. եզրակացություն

Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստերին մասնակցելուն. եզրակացություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ «Փաստիֆո»-ի հաղորդմամբ` Գրիգորյանը նիստին ներկա չէ։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնից դատարան է ստացվել գրություն այն մասին, որ Գրիգորյանը չի կարող մասնակցել դատական նիստին` առողջական վիճակից ելնելով։

Դատավորը հայտնեց նաև, որ դատարան է ստացվել Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական փորձաքննության եզրակացությունը, որում հանձնաժողովը, թվարկելով Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, դրանց բարդության աստիճանը, հանգել է այն եզրակացության, որ Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար. «Հանձնաժողովը եզրակացրել է, որ նշված հիվանդանությունները և դրանց բարդությունների արտահայտված աստիճանները չեն համապատասխանում ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ ներառված` պատիժը կրելուն խոճընդոտող հիվանդանությունների ցանկում ներառված որևէ կետի»,-նշեց նախագահող դատավորը։

Վերջինիս խոսքով` Հանձնաժողովը նշել է, որ Մանվել Գրիգորյանը կարող է բուժում ստանալ ՀՀ որևէ հիվանդանոցում, որտեղ առկա են մասնագիտական հագեցած պայմաններ, իսկ ՔԿՀ-ում կարող է ստանալ, եթե այն ապահոված լիներ էնդոկրին և անհրաժեշտ այլ պայմաններով. «Ի պատասխան պաշտպանի հարցադրմանը` հանձնաժողովը նշել է, որ առկա հիվանդությունները կարող են հանդիսանալ կյանքին վտանգ սպառնացող, սակայն համապատասխան բուժում և սննդակարգ ապահովելու դեպքում հնարավոր է դեկոմպենսացիայից անցում կոմպեսացիայի, հավասարակշռված վիճակի, որի պարագայում կյանքին վտանգ սպառնալու ռիսկերը կլինեն նվազագույնը»։

Դատավորը հայտնեց նաև, որ դիմելու է համապատասխան հիվանդանոց և տեղեկացնելու է, որ Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում նիստերին մասնակցելու համար. «Մասնավորապես, այն կարելի է իրականացնել օժանդակող սարքավորումների կամ բժշկի ուղեկցությամբ։ Իսկ եթե ամեն դեպքում մյուս դատական նիստին դարձյալ ինչ-ինչ պատճառներից ելնելով հնարավոր չլինի ապահովել Գրիգորյանի մասնակցությունը, դատարանը կքննարկի Նազիկ Ամիրյանի մասը գործից անջատելու, այդ մասով դատաքննություն իրականացնելու, իսկ Մանվել Գրիգորյանի մասով դատաքննությունը հետաձգելու հարցը»։

Նշենք, որ այս փորձաքննության եզրակացությունը ստորագրել է հանձնաժողովի յոթ անդամներից վեցը, բացառությամբ` Նորվերտ Ավետյանի, ով եզրակացությանն է կցել երկու զեկույց։

Հավելենք, որ պաշտպանները համամիտ չեն նշված եզրակացության հետ և նշում են, որ այն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան հարցերի պատասխաններ է տվել։ Այս պահին նրանք ընթերցում են Նորվերտ Ավետյանի հատուկ զեկույցը։

Այս խորագրի վերջին նյութերը