Քաղաքական

28.10.2019 14:44


Ուշադրությամբ կհետևենք ընթացքին ու հետևանքներին. Եվրոպական միությունը՝ ՍԴ-ի ու Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Ուշադրությամբ կհետևենք ընթացքին ու հետևանքներին. Եվրոպական միությունը՝ ՍԴ-ի ու Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Եվրոպական միությունն ուշադրությամբ կհետևի դատական գործերի ընթացքին ու հետևանքներին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։

«Մենք չենք մեկնաբանում ընթացող անհատական հետաքննությունները կամ դատական գործերը»,-ասել են պատվիրակությունից՝ պատասխանելով Aysor.am-ի հարցերին, թե հետևո՞ւմ են ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին ու ինչպե՞ս կգնահատեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի կալանավորումը։

ԵՄ պատվիրակությունից վստահեցրել են՝ օրենքի գերակայության և դատական բարեփոխումների խթանումն առաջնահերթություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների համաձայն։

«ԵՄ-ն պարտավորվում է աջակցել կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրին, որը վերջերս ներկայացվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ։ Հայաստանում արդարադատության համակարգի կազմակերպման իրավասությունը լիովին պատկանում է կառավարությանը, այդուհանդերձ՝ այն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային, այդ թվում Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորություններին»,-ասված է ԵՄ պատվիրակության՝ Aysor.am-ին տրված պատասխանում։

Այս խորագրի վերջին նյութերը