Տնտեսական

28.10.2019 14:37


2020 թվականի բյուջեի նախագծով պլանավորված ծախսերը 2018 թվականի համեմատ 27.4 տոկոսով ավելին են

2020 թվականի բյուջեի նախագծով պլանավորված ծախսերը 2018 թվականի համեմատ 27.4 տոկոսով ավելին են

2020 թվականի բյուջեի նախագծով պլանավորված է 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտ: Այս ցուցանիշը 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ 27.4 տոկոսով ավելին է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծախսերի առումով տվյալները համընկնում են այն թվերին, ինչի մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ և հետո: Ծախսերի աճը կազմում է 29.9 տոկոս: Շատ կարևոր է արձանագրել, թե 2018 թվականի համեմատ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք: Առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառում՝ 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում՝ 21 տոկոսի աճ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ պաշտպանական ծախսերի հետ կապված վերջին քննարկումներին: Նրա խոսքով, 2018 թվականի համեմատ, 2020 թվականի նախագծով պլանավորել են 25.3 տոկոսով բյուջետային հատկացումների ավելացում:

«Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ արձանագրել, որ մենք ունենք օրենսդրական որոշակի կարգավորում, և ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը: Մենք պետք է մնանք այս շրջանակներում: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու, նախկինում այդ թեմայի վերաբերյալ հայտարարություններ արել եմ: Հույս ունեմ, որ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և շոշափելի արդյունքները կմեծացվեն և դրանք կուղղվեն նաև պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը