Հարցազրույց

07.05.2010 18:59


Լևոն Մելիք–Շահնազարյան

Լևոն Մելիք–Շահնազարյան

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանի հետ.

-Շուշիի հաղթանակը մեր հաղթանակի սկիզբն էր։ Ի՞նչ եք կարծում՝ այդ հաղթանակը մինչև վերջ գիտակցվե՞ց։

-Արցախում՝ միանշանակ, քանի որ այդ հաղթանակին և Շուշիի ազատագրմանը Արցախի բնակչությունը սպասել է բառացիորեն 1921 թվականից։ Գուցե լավ չի ասել, բայց Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա առիթ ստեղծեց այդ երազանքն իրականացնելու համար։ Ես՝ որպես այդ օրերի ուղղակի ականատես և ինչ-որ չափով նույնիսկ մասնակից, կարող եմ ասել, որ ամբողջ ժողովուրդը սպասում էր այդ հաղթանակին և նույնիսկ  պահանջում Արցախի Հանրապետության իշխանությունից հնարավորինս շուտ լուծել այդ խնդիրը և ազատագրել Արցախի հինավուրց մայրաքաղաքը։ Եվ այն ուրախությունը, որ կար այն ժամանակ, այսօր սահուն ձևով դարձել է հպարտություն, որն իսկապես գիտակցվում է ամբողջ Արցախի բնակչության կողմից։

-Իսկ հայության մյուս հատվածների կողմից։

-Դժբախտաբար, այսօր երիտասարդության մեջ մի քիչ քիչ է և՛ այդ հաղթանակի, և՛ այդ հաղթանակի նշանակության, և՛ մեր հինավուրց հայկական քաղաքի ազատագրման հասկացողությունը։ Դա ընդհանուր քարոզչական և դաստիարակչական աշխատանքի թերությունն է։ Իսկ մեծ սերունդը, որն այն ժամանակ գիտակցում էր, թե ինչ է կատարվում, թվում է՝ այո. միջին և մեծ սերունդը գիտակցում է այդ հաղթանակի կարևորությունը, ինչը, դժբախտաբար, չեմ կարող ասել երիտասարդության մասին։

-Այսօր Հայաստան պետության կեցվածքն, ըստ Ձեզ, հաղթանակա՞ծ պետության կեցվածք է։

-Դա լայն հարց է, և ես չեմ կարող միանշանակ պատասխանել։ Ինձ թվում է, որ Հայաստանն ավելի շատ անելիք ունի և իրեն ավելի հպարտ պահելու իրավունք ունի, քան այսօր է դա արվում։ Դա միանշանակ է։ Իհա՛րկե, այդտեղ մենք շատ անելիքներ ունենք։ Սակայն կան նաև հարցեր, որտեղ, այո՛, մենք կարողանում ենք հաղթանակած պետության դիրքից հանդես գալ աշխարհում։

-Դուք համաձա՞յն եք, որ Արցախի ինքնորոշման դիմաց հողերի հանձնում լինի։

-Միանշանակ ոչ։ Բանն այն է, որ մենք՝ Արցախի բնակչությունը, մեր ինքնորոշման իրավունքն արդեն իրականացրել ենք 1991թ. սեպտեմբերի 2-ին։ Այդ որոշումը կասկածի տակ դնելը հանցագործություն է։ Ինքնորոշման իրավունքի իրականացումից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա է կատարել Արցախի Հանրապետության դեմ, և այդ ագրեսիայի արդյունքում Արցախը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաև ռազմական գործողությունները տեղափոխել ագրեսոր պետության տարածք։ Սակայն դրա մեջ նաև պատմական իրականություն կա։ Արցախի Հանրապետության հսկվող տարածքն այսօր դուրս չի գալիս Արցախից, այսինքն՝ Արցախի սահմաններին էլ չի հասնում։ Արցախն ավելի մեծ է, քան Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատագրված շրջանների հետ մեկտեղ։ Եթե Արցախից դուրս չի եկել, դուրս չի եկել նաև հայկական պատմական տարածքներից։ Այդ տարածքները, որոնց մասին այսօր խոսում են, մինչև 1918թ.-ն եղել են հիմնականում հայերով բնակեցված։ 1918-ին Թուրքիայի բանակը և Ադրբեջանի կամավորականները, այսպես կոչված, ռազմական դիվիզիան, այդ տարածքներում ցեղասպանություն են կատարել և բռնի ուժով հանել հայ բնակչությանը։ Այդ տարածքները վերադարձնել Ադրբեջանին նշանակում է նվիրել։ Դա նշանակում է իրավաբանորեն հաստատել այն ժամանակվա ցեղասպանության հետևանքները։ Որևէ մեկն այդ իրավունքը չունի, որևէ մեկին, բացի ամբողջ ազգից, այդ տարածքները չեն պատկանում։ Այդ տարածքները նույնիսկ քննարկման առարկա դարձնելը ես համարում եմ անբարոյականություն։

-Ձեր կարծիքով Արցախի հարցի հայանպաստ լուծումը ո՞րը կլինի։

-Պետք չէ հայանպաստ կամ որևէ այլ ազգի նպաստող լուծում լինի։ Լուծումը պետք է լինի միջազգային օրենքի սահմաններում, իսկ դա նշանակում է, որ Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը պետք է ճանաչվի իր այսօրվա սահմաններով։ Իհա՛րկե, ամեն մի շահագրգիռ պետություն փորձելու է վերմակն իր վրա քաշել, և այդտեղ բախվում են տարբեր ուժերի ցանկություններ ու նպատակներ, սակայն մեր ձգտումը պետք է դա լինի։ Մենք այդ պատերազմի ընթացքում ավելի շատ կորցրել ենք բուն հայկական և հայաբնակ տարածքներ, քան այսօր գտնվում են Արցախի Հանրապետության հսկողության տակ։ Խոսքս Ուտիքի, Փայտակարանի և Քուռի ձախափնյակի տարածքների մասին է, որոնք վերջնականապես կորցրինք 20 տարի առաջ։ Այդքան կորցրած հայկական տարածքների դիմաց այս փոքր հողակտորը, որը նույնպես հայկական է և պատկանում է հայ ազգին, մենք իրավունք չունենք քննարկման հարց սարքելու։ Դրա համար հիշատակեմ Ձեր բառերը՝ որքան մենք հաղթանակած պետության կեցվածքով մեզ պահենք, այնքան ավելի շատ հնարավորություն կլինի վերջնականապես ամրագրել այդ տարածքներն Արցախի Հանրապետության կազմում։

-Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն արցախյան խնդրի կարգավորման հարցում Ձեզ գոհացնո՞ւմ է, թե՞ ոչ։

-Քանի որ ես միգուցե ավելի շատ եմ տեղեկացված, քան շարքային քաղաքացին Հայաստանում, կարող եմ ասել, որ Արցախի հարցում նկատողություններ (մանավանդ վերջին մի քանի տարիներին) չունեմ։ Չեմ կարող ասել անթերի. դա պատմությունը ցույց կտա,  բայց ինձ թվում է, որ Արցախի հարցում այսօր մեր քաղաքականությունը բավական հստակ է և ազգանպաստ։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը