Տնտեսական

26.10.2019 11:45


Տնտեսության ակտիվության արդյունքները զգում են միայն նախարարներն ու կառավարության էլիտան. «168 ժամ»

Տնտեսության ակտիվության արդյունքները զգում են միայն նախարարներն ու կառավարության էլիտան. «168 ժամ»

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվ­յալները: Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հա­յաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմ­նական զանգվածներին հասանելի չեն: Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն:

Կարևորը՝ կառավարության անդամները՝ ի դեմս նախարարների, և գործադիրի քաղաքա­կան էլիտան՝ ի դեմս փոխնախարարների ու մարզպետների, արդեն զգում են այդ աճերի ուղղակի ազդեցությունն իրենց եկամուտների վրա: Ըստ այդմ էլ՝ նրանք հավանաբար դա­տում են տնտեսության զարգացումների ու հա­սարակության սոցիալական վիճակում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

Օպերատիվ տվյալներով տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 7,1 տոկոս, ճիշտ այն­քան, որքան առաջին եռամսյակում էր:
Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում արձա­նագրվեց 7,1 տոկոս տնտեսական ակտիվու­թյան աճ: Առաջին կիսամյակի արդյունքներով այն նվազեց՝ իջնելով 6,5 տոկոսի: Բայց հիմա վերստին բարձրացել է:

Տարեսկզբի 9 ամիսներին անկում է արձա­նագրվել միայն երկու ոլորտներում՝ խոսքը գյուղատնտեսության ու էներգետիկայի մասին է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյու­ղատնտեսության վերաբերյալ տվյալները ներ­կայացվում են եռամսյակը մեկ, այս անգամ դրանք ևս հրապարակվել են:

Ըստ այդմ, տնտեսության այս առանցքային ճյուղում անկումը շարունակել է պահպանվել: 9 ամսվա տվյալներով այն կազմել է 4,8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալ­ները նվազել են 22 տոկոսով: Միևնույն ժամա­նակ շարունակվել է արդյունաբերության ակ­տիվ վերելքը: Սեպտեմբերին այն գրանցել է 11 տոկոս աճ, ինչի արդյունքում ոլորտի ցուցա­նիշն ընդհուպ մոտեցել է 10 տոկոսի՝ առայժմ կազմելով 9,7 տոկոս: Բայց այս տեմպով գնա­լու դեպքում կասկած չկա, որ շուտով երկնիշ կդառնա:

Արդյունաբերության մեջ աճը խորա­ցավ այն բանից հետո, երբ վերսկսեց ակտիվա­նալ հանքարդյունաբերությունը: Դա արտա­հայտվեց ինչպես գործող ընկերությունների արտադրության ծավալների ավելացմամբ, այնպես էլ Թեղուտի վերագործարկմամբ: Ինչ­պես հայտնի է, դեռևս իշխանափոխությունից առաջ Թեղուտի հանքի շահագործումը դադա­րեցվեց: Այն վերսկսեց աշխատել այս տարվա երկրորդ եռամսյակում, ինչն էլ շատ արագ իր ազդեցությունը թողեց ինչպես հանքարդյունա­բերության, այնպես էլ՝ արդյունաբերության ընդհանուր ցուցանիշների վրա:

Եթե տարեսկզբին հանքարդյունաբերու­թյունն անկումային էր, ապա տարվա կեսին սկ­սեց աճի միտումներ դրսևորել: Արդեն տա­րեսկզբի 8 ամիսների տվյալներով աճը հասավ գրեթե 15 տոկոսի:

Թեև դեռևս չի հրապարակվել տնտեսական աճի 9 ամիսների, այսպես ասած, բացվածքը, այնուհանդերձ ենթադրվում է, որ հանքարդյու­նաբերության առաջընթացը պահպանվել է, ինչն էլ, ըստ ամենայնի, ուղղակիորեն ազդել է ինչպես ոլորտի, այնպես էլ՝ արտահանման ցուցանիշների վրա:

Սեպտեմբերին արտահանումը բարձր աճ է գրանցել: Այն իսկապես ռեկորդային է գործող կառավարության համար: Իշխանափոխությունից հետո արտահանումը նման աճ չէր գրան­ցել: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այն կազմել է 33 տոկոս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը