Լրահոս

07.05.2010 08:55


Արձագանք ուսանողների նամակին

Արձագանքելով մայիսի 6-ին  ուսանողական երթին' ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է.
ՀՀ վարչապետին հասցեագրված նամակին նախարար Արմեն Աշոտյանը ծանոթացել է ԶԼՄ-ներից: Պաշտոնապես այն դեռևս ստացված չէ: Այնուամենայնիվ, գրության բովանդակության հետ կապված պետք է նշել, որ, իրականում երթի կազմակերպիչները «Ժառանգություն» կուսակցության անդամներն են: Իսկ ինչ վերաբերում է ասպիրանտուրայի և մագիստրատուրայի տեղերի կրճատման խնդրին, ապա կրկին հայտնում ենք, որ կառավարության համապատասխան որոշումներով պետպատվերը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում չի կրճատվել: Եթե անցյալ տարի մագիստրատուրայի համար հատկացվել էր 1543 անվճար տեղ, ապա այս տարի դարձյալ հատկացվել է 1543 անվճար տեղ: Նախորդ տարի ասպիրանտուրայի համար հատկացվել էր առկա ուսուցման 224 անվճար տարկետման իրավունքով տեղ, իսկ այս տարի 122 անվճար տարկետման իրավունքով, ինչպես նաև 247 անվճար տեղ առանց տարկետման իրավունքի: Պետպատվերի շրջանակում վերաբաշխում է տեղի ունեցել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման և առանց տարկետման տեղերի միջև:
Պետպատվերի ծավալների պահպանման' այն է պետական միջոցներով անվճար սովորելու լիարժեք հնարավորության պահպանման հանգամանքը, կարծում ենք, միտումնավոր է շրջանցվում բողոքի ակցիայի կազմակերպիչների կողմից, որը կարելի է դիտարկել որպես համախոհներին մոլորեցնելու փորձ, որպեսզի չբարձրացնեն տարկետման իրավունքի' Հայոց բանակում հնարավոր ծառայության հետ կապված խնդիրներ և այդպիսով չընկալվեն հասարակության կողմից որպես ոչ հայրենասեր մարդիկ:
Պաշտոնապես վերոնշյալ գրությունը ստանալու դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կարող է հանդես գալ հավելյալ մեկնաբանություններով:

Այս խորագրի վերջին նյութերը