Լրահոս

07.05.2010 09:25


ՀԱԿ. «ԿԳՆ նախաձեռնությունը քաղաքական առումով վտանգավոր է, գավառամտության արգասիք...»

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումը սպառնում է վտանգել եւ ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը։

Մայրենի լեզվի հիման վրա հանրակրթության ապահովումը մարդու ազգային ինքնության ձեւավորման, դրանով իսկ՝ ազգի ընդհանրական ինքնության պահպանման ու խորացման, վերջին հաշվով՝ ազգային անկախ պետականության կայացման ու հարատեւման գրավականն է։ Մայրենի լեզվով հանրակրթությունն է, որ առավելագույնս ապահովում է համամարդկային արժեքների եւ համաշխարհային մշակույթի համընդհանուր մատչելիությունն ու տարածումը ամբողջ ժողովրդի մեջ՝ այն դարձնելով ազգայինը սնուցող կարեւոր մի աղբյուր։ Որպես ինքնապահպանման թիվ մեկ քաղաքական խնդիր, դա գիտակցվել է տասնյակ դարեր առաջ. ժամանակին ա՛յդ գիտակցումն է եղել հայոց գրերի արաման, հայկական դպրոցի ու դպրության ստեղծման միակ խթանիչը։ Գիտակցական թե ենթագիտակցական մակարդակով նույն այդ շարժառիթն է աշխարհի տարբեր ծայրերում առաջացած գաղթօջախներում հայկական դպրոց հիմնելը դարձրել առաջին խնդիր։ Նույն այդ գիտակցումով է, որ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը օրենքի ուժ տվեց հանրակրթական դպրոցներում ՀՀ հայազգի քաղաքացիների համար պարտադիր հայկական կրթությանը։

Նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունները խնդիր ունեն ճանապարհ բացել օտար լեզուներով հանրակրթական դպրոցների համար։ Դրանով վարչախումբը ընդունում է հայերեն կրթության անլիարժեքությունը, մատնում հայությանը երկրորդ կարգի ազգ համարելու իր ընկալումը։

Քաղաքական իշխանության սանձարձակության, օրինականության ու պաշտպանվածության բացակայության, սոցիալական բեւեռացման խորացման, համատարած աղքատության, ամեն ինչին միայն բիզնեսի տեսանկյունից նայող պաշտոնեության պայմաններում սույն նախաձեռնությունը դառնում է տասնապատիկ վտանգավոր։ Այս պայմաններում օտարալեզու հանրակրթությունը, ինչպես ցույց է տվել փորձը, որպես «էլիտար», արագորեն տարածվելու,  դառնալու է մի կողմից՝ սոցիալական անառողջ խմորումների, մյուս կողմից՝ հատկապես մտավոր պոտենցիալի արտագաղթի խթանման նոր մի դարպաս։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ նախաձեռնությունը քաղաքական առումով վտանգավոր է, գավառամտության արգասիք եւ կոչ է անում դրա դեմ ստեղծել հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ, կանխել դրա իրականացումը։ Oտար լեզուների իմացությունը կարևորագույն խնդիր է, ինչը հնարավոր է և պետք է լուծել մայրենի լեզվով հանրակրթության շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը