Լրահոս

06.05.2010 17:34


Վարդան Ղուկասյանը տարածքը վաճառել է Ռենե Լևոնյանին, արդյունքում տուժել են տարածքի բնակիչները

Վարդան Ղուկասյանը տարածքը վաճառել է Ռենե Լևոնյանին, արդյունքում տուժել են տարածքի բնակիչները

Յոթ տարի առաջ Գյումրու քաղաքապետարանը Սայաթ-Նովա կենտրոնական փողոցում գտնվող զբոսայգու հարակից տարածքը վաճառել է «Հայ ավետարանչական ընկերակցության» Շիրակի մարզային կառույցին, մինչդեռ նույն տարածքում տնակներ են տեղադրված, որտեղ անօթևաններ են բնակվում:

Այն, որ տարածքը վաճառված է, տնակատերերը տեղեկացել են մեկ տարի առաջ, երբ նրանց արդեն զգուշացրել են, որ տարածքն ազատել է պետք, քանի որ վաճառված է, և սեփականատերը տեղում շինարարություն է սկսելու: Բնակիչներին հորդորել են տնակներով հանդերձ տեղափոխվել Ավտոկայանի տնակային ավան:

Սակայն բնակիչները չեն պատրաստվում տեղաշարժել իրենց տնակները, քանի որ նախ անհնար է իրենց դարն ապրած տնակները տեղաշարժել, հետո էլ բնակիչները գտնում են, որ խախտվել են իրենց իրավունքները, քանի որ իրենք տարածքի վաճառքի մասին նախապես չեն տեղեկացվել. հակառակ դեպքում պատրաստ  էին հարևաններով գնել և սեփականացնել այն:

«Ութ տարի այստեղ եմ ապրում, ո՞ւր գնամ: Բայց ինչո՞ւ են միանգամից դատարան տալիս, գային խորհրդակցեին, ասեին՝ ժողովուրդ ջա՛ն, ձեր վիճակն այսպիսին է: Մեր իրավունքներն ամբողջությամբ ոտնահարում են: Եթե քաղաքապետարանը մեզ զգուշացներ, մենք կառնեինք։ 13 միլիոն դրամով են վաճառել: Քանի՞ ընտանիք կա այստեղ, չէի՞նք կարող մենք այդ գումարը տալ»,- ասում է տարածքի բնակիչ Սամվել Մուրադյանը:

Վերջինս օրերս դատարանից հատուկ ծանուցագիր է ստացել, որում նշվում է, որ «Հայ ավետարանչական ընկերակցության» Շիրակի մարզի մասնաճյուղը հայցադիմում է ներկայացրել դատարան ու տարածքի 6 ընտանիքներից պահանջում է անհապաղ ազատել տարածքը:

Տարածքի մեկ այլ բնակչուհի տեղեկացրեց, որ Ռենե Լևոնյանն է տարածքը գնել, որի տեղում Ավետարանական եկեղեցու համար խաղասենյակ, սպորտային կենտրոն է կառուցելու:

«12 ընտանիք ենք, թող մեզ համար փոքր բնակելի շենք սարքեր, և խնդիրը կվերջանար»,- նշում է նա:

«Հայ ավետարանչական ընկերակցության» Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Լուսինե Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ շուտով դատի են տալու նաև տարածքում ապրող մյուս բնակիչներին: Նա նաև նշեց, որ իրենք տարածքի սեփականատերեր են, և սեպտեմբերին տեղում կառուցապատման աշխատանքներ են սկսվելու, հետևաբար դատական ճանապարհից բացի խնդրի այլ լուծում չեն տեսնում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը