Հարցազրույց

22.10.2019 12:44


ՀՀ-ն կառավարվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ մեկ անձի կամոք. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

ՀՀ-ն կառավարվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ մեկ անձի կամոք. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Խնդիրը հստակ է դրված՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծառայել երկրի Սահմանադրությանը, պետք է հեռանան, իսկ նրանք, ովքեր ցանկանում են ծառայել Նիկոլ Փաշինյանի կամքին, նրանք կարող են մնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի նկատմամբ իրականացվող գործողություններին:

«6-րդ գումարման ԱԺ-ն ընտրել է գլխավոր դատախազին, ԿԸՀ նախագահին, որոնք լեգիտիմ են, բայց նույն խորհրդարանը նաև ընտրել է Հրայր Թովմասյանին, բայց ահա Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ: Գիտեք, Նիկոլի «թայֆայում» անկեղծություն կա: Օրինակ՝ ԱԺ նախագահը հստակ ասաց, որ Հրայր Թովմասյանը շանս ուներ մնալու, բայց նա իր շանսը կորցրեց: Սա նշանակում է, որ եթե Հրայր Թովմասյանը ևս համաձայներ ծառայել ոչ թե երկրի Սահմանադրությանը և օրենքներին, այլ Նիկոլի կամքին, նա կմնար»,-նշեց Մենուա Հարությանը:

Ըստ նրա՝ ներկայիս քաղաքական իշխանությունները խորհրդարանում և կառավարությունում մեծամասնություն կազմելուց հետո, այժմ էլ փորձում են դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանել:

«Նիկոլն ու իր «թայֆեն» բռնազավթել են գործադիր և օրենսդիր իշխանությունները, հիմա խնդիր են դրել բռնազավթելու նաև դատականը: Դատական իշխանության մի մասը արդեն կարողացել են բռնազավթել, բայց վերջնական «փաթեթը» ձեռք բերելու համար իրենց ամեն գնով պետք է բռնազավթել նաև ՍԴ-ն: Հայաստանը ոչ թե սահմանադրական պետություն է, այլ դիկտատուրա, որը կառավարվում է մեկ մարդու կամոք: Կռիվը գնում է ոչ թե Նիկոլի և Հրայրի միջև, ոչ թե Նիկոլի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, այլ խնդիրը հետևյալն է՝ Նիկոլը պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, ՀՀ սահմանադրական և ժողովրդական դեմքին»,-ասաց նա:

Վերլուծաբանի կարծիքով՝ մեկ անձի կողմից կառավարվելու դեպքում Հայաստանը չի կարող զարգանալ, ներդրումներ և տնտեսական աճ ապահովել:

«Նիկոլ Փաշինյանը խոստանում էր տնտեսական թռիչքաձև աճ, նա չէր ասում մի փոքր ձեր աշխատավարձերը բարձրացնենք, հասարակությունը նրանից լուրջ դրական փոփոխություններ էր սպասում: Նիկոլենք գալիս «հարամ» են անում տնտեսության զարգացման պիկը, որը Կարեն Կարապետյանի կառավարությունն էր ապահովել, վերցնում են մոտ 10 տոկոս տնտեսական աճով տնտեսություն, և այսօր մեզ ասում են, որ 5 տոկոսանոց աճ են ապահովելու: Սա ևս հերթական խաբկանքն է, հերթական սրիկայությունն էր, որ արեցին մեր տնտեսության և բիզնեսի նկատմամբ: Գետնին պառկած նկարներով հասարակությանը չես կարող կերակրել, հիմա պետք է աշխատես, խոսելու ժամանակն անցել է»,-ասաց նա:

Մենուա Հարությունյանը նկատում է, որ իշխանությունները դատական համակարգի նկատմամբ գործողություններ սկսեցին կատարել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո:

«Դատական իշխանության նկատմամբ Նիկոլենց գրոհը սկսեց այն բանից հետո, երբ դատական իշխանությունը սկսեց չծառայել Նիկոլի կամքին և սկսեց իրավական որոշումներ կայացնել՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Ամբողջ գործընթացը դատական իշխանության դեմ Ռոբերտ Քոչարյանի հարցի տրամաբանության շրջանակում է: Խնդիրը ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն է: Այսօր երկրում Սահմանադրության փոխարեն Նիկոլի կամքն է գործում: Փաշինյանը շատ լավ գիտի, որ սահմանադրական կարգը տապալելով՝ բռնազավթել է իշխանությունը, իսկ հիմա ամեն գնով դա պետք է պահի: Իշխանությունը կորցնելու հաջորդ օրը նա հայտնվելու է բանտում»,-նշեց նա:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ դատական համակարգի նկատմամբ գործողություններից հետո հաջորդ թիրախը լինելու են զանգվածային լրատվամիջոցները. «Ես ասել եմ ժամանակին՝ թույլ եք տալիս բռնազավթել գործադիրը, հաջորդը լինելու է օրենսդիրը, հետո դատականը, իսկ վերջում «4-րդ իշխանությունը»: Եթե նա վերահսկողություն չունենա ԶԼՄ-ների վրա, շատ արագ այս փուչիկը պայթելու է: Եթե այլընտրանքային կարծիք չլսեն քաղաքացիները, իրենք կսկսեն երկար ժամանակ հավատալ, որ ամեն ինչ շատ լավ է»:

Այս խորագրի վերջին նյութերը