Լրահոս

06.05.2010 16:36


Չարաշահումներ Ուռուտի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ' Ուռուտի դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ:

Պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևանի «Արալպլաստ» ՍՊ ընկերությունը շահել է «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի հայտարարած մրցույթը և պետական բյուջեի' 152 475 000 դրամ նախահաշվային գումարով պարտավորվել իրականացնել Լոռու մարզի Ուռուտ համայնքի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Սակայն աշխատանքների իրականացման ընթացքում «Արալպլաստ» ՍՊ ընկերության տնօրենը կազմել է իրականում կատարված աշխատանքների ծավալները գերազանցող և փաստացի չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, ապա դրանք ներկայացրել աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Բագարանի բարիք» ՍՊ ընկերություն և հաստատվելուց հետո դրանք ներկայացրել վճարման:

Իսկ աշխատանքների կատարման ընթացքի, ծավալների և որակի համար պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց ստուգելու աշխատանքների պատշաճ կատարված լինելը,   հաստատել են վերոհիշյալ  կեղծ կատարողական ակտերը,   որի   հիման   վրա «Արալպլաստ»   ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել      է   4 549 040 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Լոռու մարզի դատախազի որոշմամբ' դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության' Լոռու մարզի քննչական բաժին' նախաքննություն կատարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը