Աշխարհ

21.10.2019 19:50


Իրավիճակը Սիրիայում․ քրդերը լքում են հյուսիսարևելյան տարածքները

Իրավիճակը Սիրիայում․ քրդերը լքում են հյուսիսարևելյան տարածքները

Հոկտեմբերի 20-ին Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) մամուլի խոսնակ Քինո Գաբրիելը հաստատել էր տեղեկությունը, որ քրդական ուժերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ-Այն շրջանից ու այդ տարածքում SDF զինյալներ այլևս չկան։

Քրդերի այս տարածքից դուրս գալու մասին տեղեկություններն ավելի ուշ հաստատեց նաև Թուրքիայի ՊՆ-ն։ Այսպիսով՝ Ռաս ալ-Այն քաղաքը քրդական ուժերը հանձնել են թուրքերին։

Ամերիկյան Associated Press գործակալությունը, հղում անելով քուրդ բարձրաստիճան պաշտոնյաների, գրում էր, որ Ռաս ալ-Այնից դուրս գալուց հետո քրդերը պատրաստվում են հետ քաշվել 30 կմ խորությամբ, ինչն էլ հենց թուրքական կողմը որակել է որպես «անվտանգության գոտի»։

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնագախահ Մայք Փենսի և Էրդողանի բանակցությունների արդյունքում համատեղ որոշում էր ընդունվել 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում՝ սպասելով քրդական ուժերի այդ տարածքները ինքնակամ լքելուն։ Թուրքական կողմը մինչ օրս սպառնում է քրդական ուժերի դուրս չգալու դեպքում հոկտեմբերի 22-ից վերսկսել գործողությունները։ Թեպետ մինչ այդ էլ հրադադարի խախտումների մասին տեղեկություններ կան։

Բացի այդ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերը հայտնել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսարևելյան հատվածներից դուրս են գալիս և շարժվում դեպի Իրաքի արևմուտք։ Էսփերը չի բացառել, որ «ամերիկյան զորքերը կշարունակեն պայքարել ԻՊ զինյալների դեմ»։ Ամերիկյան The New York Times թերթը գրում է, որ, թեպետ Սիրիայի տարածքից դուրս գալու հայտարարություններին, ԱՄՆ նախագահ Թրամփը նպատակ ունի ԻՊ-ի դեմ պայքարելու համար Սիրիայում թողնել մոտ 200 ամերիկացի հատուկջոկատայինների։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց Եփրատի արևելքում «Խաղաղության ակունք» (Barış Pınarı) կոչվող նոր ռազմագործողություն սկսելու մասին։ Թուրքիայի «նպատակն է Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել 30 կմ-ոց անվտանգության գոտի, որտեղ քրդական ուժերի դուրս գալուց հետո կվերաբնակեցվեն Սիրիայի փախստականները, որոնք ապաստանել են Թուրքիայի տարածքում»։

Մինչ այդ՝ հոկտեմբերի 6-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայի հյուսիս-արևելքից և չեն միջամտելու Թուրքիայի նոր գործողությանը, թեպետ մի քանի օր անց ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնաց «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս անի այնպիսի գործողություններ, որոնք Թրամփը կհամարի չափազանց»։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը