Քաղաքական

19.10.2019 19:01


ՀՀ վարչապետի կայքը կոտրվել է ադրբեջանական հաքերային խմբի երկու անդամների կողմից

ՀՀ վարչապետի կայքը կոտրվել է ադրբեջանական հաքերային խմբի երկու անդամների կողմից

ՀՀ վարչապետի կայքը կոտրվել է ադրբեջանական «Անտիարմենիա» հաքերային խմբի երկու անդամների կողմից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ինչը վերաբերում է կայքը կոտրելու տեխնիկական բարդությանը և պատճառներին, Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Դա երբեք կողքից նայող մարդ չի կարող ասել։ Այդ կայքին ԱԱԾ-ն է հետևում և իրենք կարող են ասել, թե ինչու է նման բան եղել, բայց չեն ասի»։

Նրա խոսքով՝ պետական կայքերի տեխնիկական անվտանգության ապահովումը գտնվում է ԱԱԾ վերահսկողության ներքո։

«Կա խնդիր պետական կայքերի պաշտպանության համակարգում»,-ասաց փորձագետը` միևնույն ժամանակ վստահեցնելով. «Վարչապետի կայքը կոտրելը ինֆորմացիայի արտահոսք դժվար թե առաջացնի։ Բայց, ընդհանուր առմամբ վիճակը բարելավելու համար, կարծում եմ, որ վաղուց հասունացել է պահը ստեղծելու կիբերանվտանգության համակարգող կենտրոն»։

Ինչը վերաբերում է տեղեկատվական անվտանգությանը և մասնավոր կայքերը կոտրելուն, փորձագետը նշեց, որ մասնավոր կայքերի դեպքում կոնկրետ սեփականատիրոջ խնդիրն է։

«Մարդ կա, որ գումար է ներդնում և պահպանում կայքի ամբողջական անվտանգությունը, իսկ մարդ էլ կա, որ ընդհանրապես դրան ուշադրություն չի դարձնում և դառնում է զոհ»,-նշեց փորձագետը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը և այդ վիճակում մնացել է 2,5 ժամ։ Հավելենք, որ պարզաբանման համար երեկ դիմել ենք ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ Նա խոստացել էր ճշտել եւ տեղեկություն հայտնել։

Այս խորագրի վերջին նյութերը