Քաղաքական

17.10.2019 19:53


ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

Սահմանադրությունն առավելագույնս սահմանափակել է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իշխանության մյուս թևերի ազդեցությունը՝ դրանով իսկ բացառելով ճնշումների հնարավորությունը և երաշխավորելով Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացումը։ Այս մասին ասված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ աշխատանքային որոշման մեջ։

Սահմանադրական դատարանն իր 16 էջանոց աշխատակարգային որոշման մեջ արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ)» եզրույթի կիրառումը չի համապատասխանում Ազգային ժողովի՝ Սահմանադրական դատարան դիմելուն վերաբերող սահմանադրական կարգավորումներին: Այդ եզրույթի կիրառումը չի համապատասխանում նաև օրենսդրական կարգավորումներին, այդ թվում` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, Ազգային ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշմամբ որպես հիմք նշված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և 109-րդ հոդվածի կարգավորումներին:

Իսկ ինչ վերաբերվում է դիմողի այն դիրքորոշմանը, որ «....Հրայր Թովմասյանն առերևույթ թույլ է տվել այնպիսի արարքներ, որոնք վարկաբեկում են Սահմանադրական դատարանի հեղինակությունը և (կամ) անհամատեղելի են դատավորի պաշտոնի հետ՝ էական կարգապահական խախտում», Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է ոչ թե ցանկացած կարգապահական խախտում կատարելը, այլ բացառապես նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ժամանակահատվածում կատարած այնպիսի կարգապահական խախտում, որը որակվում է որպես էական:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ երկար տարիներ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ լինելու, Սերժ Սարգսյանի վստահությունը վայելելու և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի միջև անձնական բնույթի, ընդհանուր շահագրգռվածության վրա հիմնված հարաբերությունների փաստին, Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջև առկա անձնական բնույթի հարաբերությունների և վերջինիս կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպան հանդիսանալու փաստերին, ինչպես նաև Հրայր Թովմասյանի կողմից 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ք․ Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ նախկինում կարծիք արտահայտած լինելու փաստին, Սահմանադրական դատարանն արձանագրել է.

«Դիմողի կողմից և նրա գնահատմամբ դիմումով ներկայացված բոլոր փաստերը (որոնց Սահմանադրական դատարանը գործի քննության ներկա փուլում չի կարող ըստ էության անդրադառնալ, գնահատել դրանց արժանահավատությունը և Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին վերագրելիությունը) հայտնի են եղել, այդ թվում` Ազգային ժողովի խմբակցություններին, շատ ավելի վաղ, քան դիմողի կողմից փաստերի ի հայտ գալու վերջին դիտարկված ժամկետը վրա հասնելը՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ը»։

Սահմանադրական դատարանը նաև համարել է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:

Այսպիսով՝ ՍԴ–ն որոշել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը