Աշխարհ

17.10.2019 12:36


«Եթե ցանկանում են գալ, խնդրեմ, բայց թող նախապես տեղյակ պահեն». Մամեդյարովը մեկնաբանել է հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների մուտքի հարցն Ադրբեջան

«Եթե ցանկանում են գալ, խնդրեմ, բայց թող նախապես տեղյակ պահեն». Մամեդյարովը մեկնաբանել է հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների մուտքի հարցն Ադրբեջան

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հայկական ազգանուններ ունեցող ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, բայց նրանք պետք է նախօրոք դրա մասին տեղյակ պահեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը, որպեսզի խուսափեն Ղարաբաղյան խնդրի հետ կապված «հուզական տրամադրություններից»:

Ավելի վաղ ՌԴ քաղաքացի հանդիսացող Քրիստինա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի միջազգային օդանավակայանում՝ տեղեկատվական մեկուսացման պայմաններում: Նա ցանկացել էր ամանորյա տոները դիմավորել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային բաժնում նրան կանգնեցրել են: Գևորգյանը տեղեկացրել է նաև, որ իրենից բացի՝ ևս երկու ընտանիք չի կարողացել մուտք գործել Բաքու՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Գևորգյանի հետ կապվածը «մասնավոր դեպք էր», և որ «ռուս-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի խնդիր չկա»: ՌԴ արտգործնախարարությունը, իր հերթին, հայտարարել էր, որ հայկական արմատներով ռուսաստանցիների նկատմամբ Ադրբեջանի մոտեցումն անընդունելի է:

«Մենք ասում ենք, որ եթե կան հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ցանկանում են այցելել Ադրբեջան, խնդրեմ: Բայց նրանք թող գոնե տեղյակ պահեն դրա մասին Մոսկվայում մեր դեսպանատանը, որովհետև մենք Ռուսաստանի հետ ունենք անայցագրային ռեժիմ, սակայն ստացած տեղեկատվությունը մեզ կօգնի թույլ չտալ որևէ պատահար՝ հաշվի առնելով գոյություն ունեցող հակամարտությունը: Մենք այս թեմայով միշտ շատ անկեղծ ենք խոսել Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը