Քաղաքական

16.10.2019 13:48


«Նույն հիմքով այլևս դիմել չեն կարող». Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»

«Նույն հիմքով այլևս դիմել չեն կարող». Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»

Վերջին 7 օրվա ընթացքում հանրությունը շունչը պահած սպասում էր Սահմանադրական դատարանին՝ վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։ ՍԴ-ն մերժեց։ Սա, անշուշտ, իշխանությունների համար սպասելի տարբերակ էր, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռ խորհրդարանում ասել էր, որ ունեն այլ պահուստային տարբերակներ, երեկ էլ մի շարք իմքայլականներ խորհրդավոր խոսում էին այլ տարբերակների մասին։ Ինչպես հայտնի է՝ ՍԴ-ն գործը վարույթ չի ընդունում, եթե որոշում է, որ «գործն» անհիմն է, ժամկետային, ու պրոցեդուրային խախտումներ են առկա, սակայն այն դեռ հանրությանը հայտնի չէ, եւ ՍԴ անդամները չեն շտապում բարձրաձայնել այդ մասին։

«Հրապարակի» հետ զրույցում ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ չի կարող նշել մերժման հիմքը, հույս ունի, որ վաղը որոշումը կհրապարակվի, հանրությունը կտեղեկանա «բոլոր հիմքերին» ու տրված իրավական լուծումներին։ Ալվինա Գյուլումյանը մեկ հարցի համաձայնեց պատասխանել՝ արդյոք այս որոշումով հարցը փակվա՞ծ է։ «Այո,-ասաց Գյուլումյանն ու ավելացրեց,-Նույն հիմքով այլեւս դիմել չեն կարող»։ Անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ այլ սցենարների մասին հարցին էլ՝ ՍԴ անդամն ասաց․ «Միգուցե այլ հիմքեր ունեն, ես չեմ կարող ասել»։

Այս խորագրի վերջին նյութերը