Լրահոս

05.05.2010 15:23


Կոչ արցախահայությանը

Սրտի տագնապով և արձագանք ստանալու ակնկալիքով դիմում ենք Ձեզ, Մայր հայրենիքի Արցախ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներ, թե՛ շարքային քաղաքացիներ և թե՛ իշխանություններ։

Արցախյան Ազատամարտում, մարտի դաշտում և թիկունքում հաղթանակը կռած հայը՝ մշակը, արհեստավորը, գիտնականը, պետական պաշտոնյան, բանակի հրամանատարը, երկրի Նախագահը, հայությունը թե՛ հայրենիքում և թե՛ արտերկրում չեն կարող այսօր անտարբեր լինել այն իրողությունների նկատմամբ, որոնք կոչված են կարգավորելու ղարաբաղյան թնջուկը, լուծելու «Ղարաբաղի հարցը»։

1994 թվականի մայիսից առ այսօր Արցախյան ճակատում հաստատված ստատուս-քվոն՝ առկա փաստացի իրողություններն ու Հայ զինվորն են երաշխիքները պատերազմական գործողություններ կրկին չվերսկսվելու և Արցախում հայ մարդու անվտանգ բնակվելու համար։

Ով-ով, բայց Դուք, Արցախում բնակվողներդ առաջին հերթին պետք է որ լավ իմանաք, թե ինչ արժեն թուրքի կամ այլոց կողմից տրված խոստումները, ազնիվ խոսքերը, ստորագրած փաստաթղթերը։

Թուրքի կողմից տրված խոսքը կդրժվի, եթե մի պահ նա զգաց դիմացինի թուլությունը, անմիաբանությունը, պատերազմին պատրաստ չլինելը։

Պարբերաբար ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը միջազգային տարբեր ատյաններում, տարբեր հանդիպումներում առիթը բաց չի թողնում աշխարհին ապացուցելու, որ ազատագրված տարածքները մեր հայրենիքը չեն և ինքը այն պատրաստ է վերադարձնելու Ադրբեջանին ինչ-ինչ պայմանների դեպքում, հպարտորեն փաստում է, որ այդ տարածքները առ այսօր չեն բնակեցվում,չեն շահագործվում։ Ստացվում է, որ հայի անվտանգ ապրելու երաշխիքները պետք է տան օտարները և նրանց կողմից ոչինչ չարժեցող խոստումներն ու ստորագրած փաստաթղթերը։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ս.թ. ապրիլի 22-ին կազմակերպած «Արցախյան ճակատում ստատուս-քվոյի հրամայականը» թեմայով հավաք-քննարկումը տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների, ներկայացուցիչների, ազգային-քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների, մտավորականների և երիտասարդների մասնակցությամբ մեկ անգամ ևս փաստեց, որ անկախ նրանից, թե ո՞վ է նստած ՀՀ Նախագահի աթոռին, հայ ժողովուրդը, նրա նվիրյալ զավակները չեն թողնի, կվիժեցնեն ցանկացած գործընթաց, որոնք կարող են պատճառ հանդիսանալ ազատագրված տարածքների կորստին։

Ցավոք, առ այսօր Ձեր կողմից ազատագրված տարածքները չհանձնելու վերաբերյալ , բացառությամբ մեկ-երկու հայտարարության, որևէ լուրջ, պետական մակարդակով դատապարտող հայտարարություն չի հնչել, ընդվզող պահվածք չի եղել։

Այնինչ այդպիսի կեցվածքի դրսևորումն այլևս հրամայական անհրաժեշտություն է։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած հավաք-քննարկման մի խումբ մասնակիցներ՝

Հայ կամավորական, ազատամարտիկ   Աղավնի Սահակյան

Հայ կամավորականների համախմբում քաղ. նախաձեռնություն  Սամվել Հարությունյան

«Միացում» ազգային-քաղաքական նախաձեռնություն  Գրիզելդա Ղազարյան

Ազատամարտիկ  Վիոլետա Գրիգորյան

«ԻՊԱՏ» կանանց միություն  Արմենուհի Մելքոնյան

Ազատամարտիկ   Հրանտ Աղաբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը