Լրահոս

05.05.2010 13:22


Վ.Խալաֆյանի հետ բերման ենթարկվածների նկատմամբ բռնություններ չեն կիրառվե՞լ

 ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ստուգվում են նաեւ գողություն կատարելու կասկածանքով Վ.Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետագայում կալանավորված  Ա.Իսպիրյանի, Շ.Մարկոսյանի եւ Դ.Գյուլումյանի նկատմամբ Չարենցավանի ոստիկանության բաժնում 13.04.10թ. բռնություններ կիրառված լինելու  մասին  մամուլի հրապարակումների իսկությունը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ իրենց բերման ենթարկելու եւ ոստիկանության բաժնում պահելու վերաբերյալ Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին եւ Դ.Գյուլումյանին առաջարկվել է ցուցմունք տալ  դեռեւս  19.04.10թ: Հարցաքննության ընթացքում Շ.Մարկոսյանը եւ Ա.Իսպիրյանը գրավոր հայտնել են, որ իրենց նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրվել, արժանապատվությունը վիրավորող գործողություններ չեն կատարվել, իսկ Դ.Գյուլումյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: 

Ա.Իսպիրյանը, Շ.Մարկոսյանը եւ Դ.Գյուլումյանը ենթարկվել են  դատաբժշկական փորձաքննության, որոնց եզրակացությունների համաձայն՝ նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բացի այդ՝  նրանք դատաբժիշկների մոտ եւս հայտարարել են, որ իրենց նկատմամբ բռնություններ չեն կիրառվել:

Հաշվի առնելով, որ մայիսի 3-ին եւ 4-ին մամուլում վերստին եղել են հրապարակումներ  առ այն, որ Դ.Գյուլումյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ վկայակոչելով  նրա հարազատներին, ապա քննիչը 04.05.10թ. կրկին առաջարկել է Դ.Գյուլումյանին տալ ցուցմունքներ՝ 13.04.10թ. ոստիկանության Չարենցավանի բաժնում  պահվելու եւ հնարավոր կիրառված բռնությունների հանգամանքներ վերաբերյալ: Սակայն վերջինս կրկին  հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահելու համար Հատուկ քննչական ծառայությունը 04.05.10թ. գրավոր  դիմել է ՀՀ օմբուդսմենին՝ խնդրելով տրամադրել Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին  եւ Դ.Գյուլումյանին այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ: Միաժամանակ հարցումներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ  ոստիկանության Չարենցավանի բաժնի ձերբակալվածներին  պահելու վայր՝ Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին  եւ Դ.Գյուլումյանին տվյալ հիմնարկներ ընդունելիս բուժզննման ենթարկելու արդյունքների մասին  տեղեկություններ տրամադրելու համար: Չարենցավանի բաժնի ՁՊՎ-ից 03.05.10p. ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ վերոնշյալ անձանց մարմինների վրա  մարմնական վնասվածքներ չեն եղել եւ  գրավոր կամ բանավոր հայտարարություն չեն ներկայացրել իրենց նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների վերաբերյալ:  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխան դեռեւս չի ստացվել:

Ինչ վերաբերում է նույն գողության գործով ոստիկանության բաժին բերման ենթարկված, հետագայում ազատ արձակված Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին, ապա տեղեկացնում ենք, որ Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 2010 թվականի ապրիլի 15-ին եւ քրեական գործի նյութերում այդ պահի դրությամբ որեւէ տեղեկություն չի եղել ՀՀ ոստիկանության Չարենցավանի  բաժին բերման ենթարկված, այնուհետեւ ազար արձակված անձանց վերաբերյալ: Հետագայում է պարզվել, որ այդ անձինք  հանդիսանում են Չարենցավան քաղաքի բնակիչներ, նրանցից Նորայր Չիլյանը 2010 թվականի ապրիլի 16-ին, իսկ Արայիկ Առաքելյանը 2010թ ապրիլի 18-ին մեկնել են  Հայաստանի Հանրապետությունից:  Հիշյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ տրվել է համապատասխան հանձնարարական: 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը