Լրահոս

05.05.2010 11:44


ՀՀ ՊՆ-ը պա՞րտք է ազատանցիներին

ՀՀ ՊՆ-ը պա՞րտք է ազատանցիներին

Շիրակի մարզի Ազատան համայնքի բազմաթիվ բնակիչներ մինչև այսօր չեն կարողանում ստանալ ՀՀ պաշտպանության բանակին դեռևս 2009թ. աշնանը վաճառած կարտոֆիլի գումարները: Իրենց ժամանակին ներկայացվել է, որ այդ կարտոֆիլը ազգային բանակի համար է։

Ազատանցիները տեղյակ են միայն, որ այդ ժամանակ գործարքի մեջ են մտել ՀՀ պաշտպանության նախարարության հետ և ապառիկ կարգով մեծ քանակությամբ կարտոֆիլ են վաճառել ազգային բանակին: Համենայնդեպս, այդպես ներկայացրել են այս գործարքում միջնորդ հանդես եկած անձնավորությունները: Մինչ օրս պայմանավորված գումարը գյուղացիները և ֆերմերային տնտեսությունները չեն ստացել: Նշենք, որ ազատանցիները կարտոֆիլը վաճառել են հայտամրցույթով շահած գնից կրկնակի ցածր արժեքով:

Խնդիրը Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը բարձրաձայնել է փոխվարչապետի մակարդակով: Վերջերս պատասխան է ստացվել, թե համապատասխան ճշտումները ցույց են տվել, որ մթերված կարտոֆիլի դիմաց պաշտպանության նախարարությունը կատարել է բոլոր վճարումները:

-Ըստ հավաստի տվյալների՝ մատակարարը, որը պաշտպանության նախարարության անվան տակ է տարել, ինքը հայտարարել է. «Շուկա եմ տարել ապրանքը, խաբել եմ, պաշտապանության նախարարության համար չեմ տարել»: Չնայած պարզվեց, որ պաշտպանության նախարարությունը ինչքան որ կարտոֆիլ է մթերել, ամբողջի համար վճարել է, նա պարտքեր չունի: Պարզապես մատակարարներն են պարտք մնացել ժողովրդին»,-ասել է Վարդան Իկիլիկյանը:

Սակայն ազատանցիները մինչև այսօր այն համոզմանն են, թե իրենց պարտք է պաշտպանության նախարարությունը: Իսկ ընդհանուր գումարը, որը պարտք են ազատանցիներին, կազմում է 6 մլն դրամ:

«Ինձ պարտք են 20 հազ. դրամ, անմիջապես ինքը չէ փող տվողը, չգիտեմ որերորդ ձեռք է»,-ասել է ազատանցի Գրիգոր Հարությունյանը:

Մեկ այլ բնակիչ էլ հավաստիացնում է, որ իր տղային պարտք են 400 հազ. դրամ:

Նման դեպքերը Ազատանում քիչ չէին:

Գյուղապետը հավաստիացնում է, որ գյուղացիներին խաբել են մատակարարները: Կան վարկածներ, թե նրանք հանդես են եկել պաշտպանության նախարարության անունից, որպեսզի գյուղացիների շրջանում վստահություն ձեռք բերեն, և կարտոֆիլը վաճառել են Գյումրիի շուկայում:

Վարդան Իկիլիկյանը հավաստիացնում է, որ անհատ մատակարարների ով լինելն իրենց արդեն հայտնի, և ավելին, նրանք պարտավորագրեր են ստորագրել պարտքերը հետ տալու համար:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը