Լրահոս

05.05.2010 10:36


16 տարի առաջ կնքվեց Բիշքեկյան համաձայնագիրը

16 տարի առաջ կնքվեց Բիշքեկյան համաձայնագիրը

ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994թ. մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման մասնակիցները.

  • վճռականություն արտահայտեցին ամենայն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև էականորեն շոշափում է տարածաշրջանի մյուս երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային իրավիճակը,
  • պաշտպանելով ԱՊՀ պետությունների երկրների ղեկավարների 1994թ. ապրիլի 15-ի խորհրդի հայտարարությունը' պատրաստակամություն հայտնեցին լրիվ աջակցություն ցուցաբերել զինված դիմակայության դադարեցմանը և նրա հետևանքների վերացմանն ուղղված գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին՝ համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,
  • հանդես եկան հակամարտության դադարեցման գործում Համագործակցության և Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի, դրա հետ կապված ՄԱԿ-ի և ԵԱՀԿ սկզբունքների, նպատակների և կոնկրետ խնդիրների իրագործման օգտին (ամենից առաջ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևեր),
  • կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին՝ լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը՝ հիմնվելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա (այդ թվում և դիտորդների տեղակայման մասով), և արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ,
  • համաձայնվեցին առաջարկել ԱՊՀ անդամ-պետությունների խորհրդարաններին՝ քննարկել Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վ. Ֆ. Շումեյկոյի և վեհաժողովի խաղաղարար խմբի ղեկավար Մ. Շ. Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղարար ուժերի ստեղծման մասին,
  • նպատակահարմար գտան շարունակել նման հանդիպումները՝ ի շահ զինված հակամարտությունների խաղաղ լուծման,
  • երախտագիտություն հայտնեցին Ղրղզստանի ժողովրդին և ղեկավարությանը՝ աշխատանքի համար հիանալի պայմաններ ստեղծելու, սրտաբացության և հյուրընկալության համար:

1994թ. մայիսի 12-ին գործողության մեջ մտավ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքվել էր Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը