Լրահոս

12.10.2019 13:10


Հրազենի գործադրմամբ հերթական սպանությունը Արարատի մարզում (տեսանյութ)

Հրազենի գործադրմամբ հերթական սպանությունը Արարատի մարզում (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ հեմորագիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձը որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է, ով Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Սամվել Կարապետյանն էր:

Մալաթիայի ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին ու մինչ Մասիսի ոստիկանները՝ ոստիկանության Արարատի մարզի վարչության ծառայողների հետ «ծանրութեթև կանեին», թե որտեղ է տեղի ունեցել դեպքը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Ս. Կարապետյանին հրազենային վնասվածքները պատճառել է համագյուղացի, 34-ամյա Արսեն Համբարձումյանը՝ Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցի 35 հասցեի դիմաց՝ որսորդական ողորկափող հրազենով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ա. Համբարձումյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

SHAMSHYAN.com-ը առաջիկայում կներկայացնի հրապարակումներ՝ Արարատի մարզում կատարված բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների վերաբերյալ, որոնք տարիներ շարունակ մնացել են չբացահայտված, մինչդեռ, երբ մարզում 2գ թմրանյութ, մի քանի ալյումինե կաթսա գողացողին են բռնում, ի լուր հանրության հայտարարում են, թե իրենց մարզում քրեածին իրավիճակը իրենց շնորհիվ վերահսկվում է:

Այս խորագրի վերջին նյութերը