Լրահոս

12.10.2019 11:12


Կաշառք տվող անձը կազատվի քրեական պատասխանատվությունից երկու պայմանով. նոր նախագիծ․ «Փաստ»

Կաշառք տվող անձը կազատվի քրեական պատասխանատվությունից երկու պայմանով. նոր նախագիծ․ «Փաստ»

«Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրերս նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում կամ այդ անձը կաշառք տալու մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (բացառությամբ՝ եթե անձը իմացել է հանցագործության վերաբերյալ քրեական հետապնդման մարմիններին հայտնի լինելու մասին)»:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձին կաշառք տալու համար:

Հոդվածի 4-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ, որի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործության բացահայտմանը:

Ներկայումս խրախուսական նորմի կիրառումը, սակայն, պահանջում է օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված որոշակի պայմանների պարտադիր առկայություն.

1. կաշառքի շորթման առկայություն

2. անձի կողմից հանցանքի կատարման մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնել

3. հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հանցանքի կատարման մասին հայտնել

4. կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի չլինել,

5. անձի կողմից հանցագործության բացահայտմանն աջակցել:

Ընդ որում՝ խրախուսական նորմի կիրառման համար անհրաժեշտ է հինգ պայմանների միաժամանակյա առկայությունը: Թեկուզև մեկի բացակայության դեպքում անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից:

Ակնհայտ է, որ այս պայմանների միաժամանակյա ապահովումը գործնականում անիրատեսական է:

Օրինակ՝ Արդարադատության նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար եռօրյա ժամկետ սահմանելը ողջամիտ չէ, քանզի հնարավոր են դեպքեր, երբ անձը ֆիզիկական կամ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ չկարողանա սահմանված ժամկետում կատարվածի մասին հայտնել քրեական հետապնդման մարմիններին:

Նախարարությունն անդրադարձել է նաև մյուս պայմաններին՝ ընդգծելով դրանց խնդրահարույց կետերը:

Նախքան օրենսդրական փոփոխությունների ենթարկվելը, խրախուսական նորմն ավելի վաղ գործել է այլ խմբագրությամբ.

«Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին»:

Այսինքն՝ առկա է եղել անձին քրեական պատասխանատվությունից ազատելու երկու պայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը բավարար էր նորմի կիրառման համար:

Այժմ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքի խրախուսական նորմում, որով հնարավորություն կընձեռվի անձին ազատել քրեական պատասխանատվությունից կա՛մ կաշառքի շորթման առկայության, կա՛մ կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնելու դեպքում:

Այսինքն՝ երկու պայմաններից մեկի առկայությունը բավարար կլինի կաշառք տվող անձին պատասխանատվությունից ազատելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը