Լրահոս

10.10.2019 15:22


Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Նրան այսօր տեղափոխել են հիվանդանոց հետազոտման նպատակով»,-նշեց Նավիկյանը:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան:

Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել:

Այս խորագրի վերջին նյութերը