Քաղաքական

10.10.2019 16:00


Պահանջում ենք, որ «Հայելի» ակումբը պաշարած երիտասարդներին տրվի մեղադրյալի կարգավիճակ, և քննվի իշխանությունների հետ նրանց հնարավոր կապը. Զ․ Փոստանջյան (տեսանյութ)

Պահանջում ենք, որ «Հայելի» ակումբը պաշարած երիտասարդներին տրվի մեղադրյալի կարգավիճակ, և քննվի իշխանությունների հետ նրանց հնարավոր կապը. Զ․ Փոստանջյան (տեսանյութ)

Հատուկ վերաբերմունք է ընդգծվել Անժելա Թովմասյանի նկատմամբ, որ նա Թովմասյաննների ընտանիքի անդամ է, և եղբայրն այժմ ՍԴ անդամ է, ով, ըստ էության, հետապնդվում է գործադիր և օրենսդիր իշխանության կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

«Այս պահին միայն Անժելա Թովմասյանին են ճանաչել տուժող, հարուցվել է քրեական գործ: Մասնակիցների կարգավիճակը քրեական գործում կասկածյալ է, մինչդեռ մենք ակնկալում ենք, որ նրանց պետք է տրվի մեղադրյալի կարգավիճակ»,-ասաց Փոստանջյանը:

Նա տեղեկացրեց, որ Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նրանք նաև պնդել են, որ հնարավոր է` կապ լինի ակումբը պաշարած 4 երիտասարդների և գործադիր իշխանության միջև:

«Մենք պնդում ենք նաև, որ այս երիտասարդներն ուղղորդված են եկել հանրային տարածք: Մենք չենք կարող բացառել, որ այն ուղղորդվում է անմիջապես գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից: Պահանջում ենք, որ այդ կապի վերաբերյալ նույնպես քննություն կատարվի»,-ասաց «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ «Հայելի» ակումբի գույքի վնասի վերաբերյալ անցկացվում է փորձաքննություն: Փոստանջյանի խոսքով` վնասը եղել է ոչ միայն նյութական, այլև` բարոյական՝ թե Անժելա Թովմասյանին, թե «Հայելի» ակումբին` որպես իրավաբանական անձի:

Հիշեցնենք, որ ս․թ․ հոկտեմբերի 5-ին 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել էր որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Նրանք նշել էին, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։ Հոկտեմբերի 6-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը