Աշխարհ

09.10.2019 21:25


Թրամփի սպառնալիքներից հետո Էրդողանը մեկնում է ԱՄՆ

Թրամփի սպառնալիքներից հետո Էրդողանը մեկնում է ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի նախագահի Twitter-ում արած գրառումից։

«Այնքան հեշտ են մոռանում, որ Թուրքիան ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործընկերն է: Այդ նրանք են F-35 կործանիչների համար արտադրում պողպատե թափքեր։ Նրանց հետ հաճելի էր գործ ունենալ։ Նրանք օգնեցին Սիրիայի Իդլիբ նահանգում մարդկային կյանքեր փրկել։ Իրենք իմ հարցումով վերադարձրեցին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով դեռ երկար պետք է մնար բանտում։ Անկարևոր չէ նաև այն, որ Թուրքիան՝ հեղինակություն ունեցող ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է։ Էրդողանը նոյեմբերի 13-ին հյուրընկալվելու է ԱՄՆ-ում»։

Ավելի վաղ Թրամփն իր Twitter-ի գրառումներից մեկում սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքական կողմը Սիրիայի քրդերի հարցում «չափերն անցնի»։

Նշենք, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ թուրքական ստորաբաժանումներն արդեն ներխուժել են Սիրիայի տարածք և շարժվում են Եփրատ գետի արևելյան հատված։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը