Քաղաքական

09.10.2019 11:20


Դիմում-բողոք «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի կողմից քրեական հետապնդում իրականացրած մարմնին

Դիմում-բողոք «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի կողմից քրեական հետապնդում իրականացրած մարմնին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Հայկ Գրիգորյանին
Պատճեն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

9 հոկտեմբերի 2019

Դիմում

Հարգելի պարոն Գրիգորյան,

ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ: Քրեական գործով չորս անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ներգրավվել են որպես կասկածյալ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սույն քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել համացանցում շրջանառության մեջ հայտնված տեսանյութը:

Սույն դիմումով հայտնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ովքեր խուլիգանություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիների իրավահավասարությունը խախտելու միջոցով, տարաբնույթ խտրական հայտարարություններ հնչեցնելով՝ խոչընդոտել են իրականացնել իմ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Վերոնշյալ դեպքի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբի խմբագրությունը զանգվածային լրատվության միջոցներով տարածել է հանցագործության մասին հաղորդում (տես ի թիվս այլոց՝ https://hraparak.am/post/17a309b9c7d6a08afb2636aca96d5cb7):

Հարձակում իրականացնող անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, գործող կառավարության և ՀՀ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի` «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հետ ունեն մտերիմ կապեր: Սույն պնդումը հաստատվում է նաև համացանցում տարածում ստացած մի շարք լուսանկարների առկայությամբ։ Նրանց գործողությունները, մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին և դռներին պաստառներ փակցնելը, ինչպես նաև նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝ վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ, և վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա Թովմասյանը, իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով` քաղաքացիների իրավահավասարության խախտելը և 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով`խուլիգանությունը։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝

• Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը:

• Որպես մեղադրյալներ ներգրավել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին և Հայկ Ստեփանյանին:

• Անժելա Թովմասյանին և «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող։

Դիմումատու`

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյան

Հ․Գ․ Տեղեկացնենք, որ Անժելա Թովմասյանի շահերը պաշտպանող փաստաբանը Զարուհի Փոստանջյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը