Աշխարհ

08.10.2019 15:15


Երբեք չեմ հանձնվելու. Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Երբեք չեմ հանձնվելու. Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քարդաշյանը նշում է, որ ճանաչումն իր նպատակն է և երբեք չի հանձնվելու: Նա, Երևանում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի և Դոնալդ Թրամփի հետ խնդրի քննարկման մասին հարցին, նշեց. «Ես քննարկումներ եմ ունենում այդ հարցով Սպիտակ տանը: Մասնավոր երկխոսություն նախագահի հետ չեմ ունեցել այդ հարցով, բայց քննարկում եմ խորհրդականների հետ, և դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

***

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ կարևորություն է տալիս նրան, որ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ կարողացել են երեխաների մկրտել Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանն այս մասին խոսեց Երևանում անցկացվող ՏՏ համաժողովի շրջանակում:

Քարդաշյանի զրուցակիցը հետաքրքրվեց, թե Հայաստանում հատկապես ՏՏ համաժողովին լինելն ինչ նշանակություն ունի իր համար:

«Ես ավելի հպարտ չէի կարող լինել, ես պետք է իմ երեխաներին բերեի: Իմ քրոջ՝ Քորթնիի հետ Հայաստան գալը և երեխաներին երեկ այստեղ՝ Հայաստանում մկրտելու հնարավորություն ստանալը ամեն ինչ է մեզ համար»,-ասաց Քարդաշյանն ու հավելեց՝ դա միշտ կհիշեն:

Հեռուստաաստղի ուրախությունն իսկապես մեծ է եղել, երբ լսել է, որ ՏՏ համաժողովն անցկացվելու է Հայաստանում:

«Ես հուզված եմ նորից այստեղ գալով: Ինձ համար ամեն ինչ է այստեղ լինելը»,-ասաց Քարդաշյանն ու հավելեց՝ ինքը հպարտ է, որ հսկայական ՏՏ համաժողովն անցկացվում է Հայաստանում:

«Սա հիանալի է մեր երկրի համար, ես այնքան հուզված եմ, որ ամբողջ աշխարհից մարդիկ այդքան ուրախ են՝ մասնակցելու հսկայական ՏՏ համաժողովին, որն անցկացվում է Հայաստանում»,-ասաց Քարդաշյանը:

***

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի փողոցներով շրջելիս ոգևորություն է ապրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանն այս մասին խոսեց Երևանում անցկացվող ՏՏ համաժողովի շրջանակում ունեցած իր ելույթում:

«Ես շատ ոգեշնչվեցի Հայաստանում իմ տեսածից: Այսպիսով, ես կվերադառնամ նոր գաղափարներով»,-ասաց Քարդաշյանն ու նշեց, որ շատ գաղափարներ վերցնում է հենց իր ճամփորդություններից:

Նա նշեց , որ խոսքը լավ բուրմունքի մասին է: Քարդաշյանը նշեց՝ իր կարծիքով դա կլինի մեծ գաղափար, ինչ-որ բան, ինչն ինքը նախկինում չի արել: «Ես ոգեշնչվել եմ երեկ, երբ մեքենայով շրջում էի Հայաստանի փողոցներով: Կցանկանայի գեղեցիկ բուրմունք ստանալ հայկական ծաղիկներով»,-նշեց Քարդաշյանը:

Այս խորագրի վերջին նյութերը