Քաղաքական

06.10.2019 20:29


Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Այս նյութի նպատակը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և հնարավոր սցենարների վերլուծությունը չէ, պարզապես ներկայացնենք մի քանի նկատառումներ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ընթացող վտանգավոր զարգացումների կտրվածքում, քանի որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են մնալ առճակատման մեջ։

–Չնայած վերջին շրջանում Իրանի Իսլամական հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողությունների վտանգի նվազման որոշ դրական միտումներին ու տեղաշարժերին՝ Իրանի շուրջ իրավիճակը մնում է բավական պայթյունավտանգ։ ԱՄՆ-ը փորձում է նոր կոալիցիայով հակադրվել Իրանից եկող նորանոր, այդ թվում ռազմածովային նախաձեռնություններին։ Պարսից Ծոցում ռազմածովային ուժերի մեծ կուտակումներով ու դրանց տեղաշարժերով ստեղծվել է մի իրավիճակ, երբ առավել հավանական է, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել ոչ միայն հիմնական խաղացողներից մեկի քաղաքական որոշմամբ, այլ, այսպես կոչված պատահականությամբ` war by accident: Հաշվի առնելով այդ գործընթացում հիմնական խաղացողների ու շահագրգիռ կողմերի մեծ քանակը, ինչպես հրապարակային կերպով գործող հիմնական դերակատարների, այնպես էլ ոչ բացահայտ գործողների, չի բացառվում, որ խաղացողներից որեւէ մեկը փորձի իրականացնել այնպիսի մի գործողություն, որը հնարավոր դառնա ներկայացնել որպես ռազմական գործողություններ պատահարի պատճառով (war by accident)։

–Ամենաանցանկալի սցենարի իրագործման՝ ռազմական գործողությունների եւ պատերազմի բռնկման դեպքում, իհարկե, ակնհայտ է, որ Իրանի դեմ ցամաքային գործողություններ գործնականում բացառվում են։ Սակայն ակնհայտ է նաեւ, որ էապես կընդլայնվի ռազմական թատերաբեմի աշխարհագրությունը՝ տարածաշրջանային կտրվածքով․ ռազմական գործողություններում կարող են ընդգրկվել նաեւ պետություններ, որոնք ակամայից կներքաշվեն այդ պատերազմի մեջ, ինչի արդյունքում էապես կմեծանա ռազմանական գործողություններին մասնակցող սուբյեկտների քանակը եւ այն կտարածվի ողջ Միջին Արեւելքով՝ Սիրիայից մինչ ԱՄԷ, Իրանից մինչ Սաուդյան Արաբիա եւ այլն։ – Իրանում ռազմական գործողություններ սկսելու դեպքում ավելի քան հավանական է, որ չորսից վեց ամսվա ընթացքում Իրանը կունենա միջուկային զենք։ Որոշ փորձագետներ արդեն իսկ իրավիճակը համարում են շատ ավելի բարդ, քան Կարիբյան ճգնաժամն էր, այն առումով, որ այդ գործընթացում երկու խաղացողներ էին, շատ ավելի հեշտ էր պայմանավորվելը, մինչդեռ իրանական խնդրում, ինչպես արդեն նշվեց՝ հիմնական խաղացողների եւ ոչ բացահայտ խաղացողները բազմաթիվ են։

–Առավել քան ակնհայտ է, որ ռազմական գործողությունների կամ պատերազմի բռնկման դեպքում անհնար է հաշվարկել բոլոր սցենարները, բայց մի բան պարզ է, որ, եթե Իրանին հասցվեն զանգվածային օդային հարվածներ՝ Իրանից կսկսվի փախստականների բավական մեծ հոսք։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիան կփակի իր սահմանը, եւ այդ հոսքերը հիմնականում կուղղվեն դեպի հյուսիս՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի կողմ։

–Նման զարգացումները լուրջ վտանգ կներկայացնեն ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի՝ այլեւ Ռուսաստանի համար, եւ ինչպես որոշ ռուս փորձագետներ արդեն կանխատեսել են, որ շատ հավանական է, որ Ռուսաստանը ստիպված լինի մեծացնել եւ ամրացնել իր սահմանապահ զորքերի թվաքանակը Հայաստան-Իրան սահմանին, իր վերահսկողության տակ վերցնել Ադրբեջան-Իրան սահմանը, ինչպես նաեւ՝ Լեռնային-Ղարաբաղ-Իրան փաստացի սահմանը։ Դեպքերի նման զարգացումների դեպքում այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ Ադրբեջանի համար բավական բարդ կլինի նստել միաժամանակ աշխարհաքաղաքական տարբեր աթոռների վրա եւ ամենայն հավանականությամբ պաշտոնական Բաքուն կհամաձայնվի, որպեսզի Ռուսաստանը Իրանի հետ Ադրբեջանի (ներառյալ Նախիջեւանի հետ) սահմանը վերցնի իր հսկողության տակ, քանի որ փախստականների մեծ հոսքը կարող է լուրջ ներքաղաքական ապակայունացման վտանգավոր աղբյուր դառնալ Ադրբեջանի համար։ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների արդյունքում մասնակիցներից հաղթողներ չեն լինելու ոչ ռազմական, եւ ոչ էլ քաղաքական առումով, կորցնելու են բոլորը։ Բայց կասկած չպետք է ունենալ, որ ամենամեծ քաղաքական դիվիդենտներ կստանա Ռուսաստանը, ինչու չէ՝ նաեւ Չինաստանը։

Ռուսաստանի դերը դեպքերի նման զարգացումներում էապես կմեծանա, միջնորդական առաքելության դեր Ռուսաստանից բացի որեւէ մեկը չի կարող ստանձնել, չի բացառվում, որ այստեղ նաեւ Չինաստանի կողմից օժանդակությունը ցուցաբերվի։ Ռուսաստան-Իրան հարաբերություններն արդեն իսկ ձեռք են բերում ռազմավարական դաշնակցային որակներ, որպես ասվածի վկայություն կարելի է դիտարկել վերջերս Իրանի ու Ռուսաստանի միջեւ կնքված ռազմական ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։ Իրանի նպատակ է հետապնդում ԵԱՏՄ-ի հարաբերությունների սերտացման եւ այս փուլում արդեն իսկ քննարկվում են ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտի ձեւավորող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը, եւ ըստ ձեռքբերված համաձայնության՝ արդեն 2019թ․ հոկտեմբերի 27-ից ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը կսկսի գործել։

Հաշվի առնելով իրանական թնջուկում մեկ այլ խաղացող պետության՝ Թուրքիայի բազմակողմանի աճող համագործակցությունը Ռուսաստանի հետ, պետք է վստահաբար պնդել, որ վճռորոշ կդառնա Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունին, եւ դրանում նույնպես էական կշիռ կստանա Ռուսաստանը։ Այդ եռակողմ համագործակցությունն արդեն կարող է այլ նշանակություն եւ ազդեցություն ստանալ, նաեւ այլ՝ շատ ավելի մեծ տարածաշրջանի համար նաեւ տարաբնույթ գործընթացներում։

Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Իրանական թնջուկի համատեքստում մշտապես քննարկվում են Մերձավոր Արեւելքում ազդեցությունների ու շահերի փոփոխությունների հնարավորություններն ու հավանական սցենարները, մինչդեռ, որպես կանոն, մոռացության է տրվում Հարավային Կովկասը, որտեղ կոնֆլիկտային մեծ պոտենցիալ, ինչպես նաև տարածաշրջանի կայունությանն եւ անվտանգությանը սպառնացող լուրջ սպառնալիքներ կան՝ եւ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հովանու ներքո ընթացող կարգավորման բանակցային գործընթացը գտնվում է բավական անորոշ իրավիճակում։

Հաշվի առնելով որոշակի դադարից հետո Ադրբեջանի նախագահի և այլ բարձր պաշտոնյաների կողմից վերսկսված ռազմատենչ, պատերազմական հռետորաբանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն վերաբերյալ Հայաստանի վարչապետի իրարամերժ ելույթներն ու ՀՀ պաշտպանության նախարարի որոշ ագրեսիվ տարրեր պարունակող հայտարարությունները՝ չի բացառվում, որ Ադրբեջանը Իրանում լայնածավալ ռազմական հնարավոր գործողությունների դեպքում փորձի դիմել ռազմական գործողությունների Լեռնային Ղարաբաղում՝ դա որպես արդարացված տարբերակ ներկայացնելով՝ ի պատասխան Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից արված մի քանի իրարամերժ, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար անհասկանալի հայտարարությունների եւ պաշտոնական Երեւանի բանակցային գործընթացում վարած անհեռատես քաղաքականության։

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ձեւաչափով ընթացող Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում տեղի են ունեցել էական փոփոխություններ: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո քննարկվում էին բացառապես լարվածության թուլացման եւ 1994թ. մայիսի 12-ին հակամարտության կողմերի միջեւ կնքված հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված միջնորդների առաջարկները։

Դրանք են՝ շփման գծում ԵԱՀԿ դիտարկման խմբի մեծացում, շփման գծի երկայնքով հրադադարի խախտումներն արձանագրող հատուկ էլեկտրոնային սարքերի տեղադրում եւ հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ստեղծում ԼՂ հակամարտության կողմների մասնակցությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների այս առաջարկները չէին ընդունվում Ադրբեջանի կողմից։

2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս հարցերը դուրս մղվեցին բանակցային օրակարգից, այս դրույթները այլեւս չեն հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում։ Ի դեպ, դրանք մինչեւ 2016թ.՝ դեռ 2013 թվականից սկսած են ներկայացվել կողմերին որպես պահանջ։

Դրա փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում քննարկումները սկսեցին ընթանալ հակամարտության կարգավորման խնդիրների շուրջ, ինչն ակնհայտ է, որ հեռանկարային չէ եւ այդ իսկ պատճառով՝ ինչպես նշվել է վերեւում, բանակցությունները հայտնվել են անորոշ, գրեթե փակուղային իրավիճակում։

Օրակարգի նման փոփոխությունը լիովին բավարարում է Ադրբեջանին, իսկ ներկայիս փակուղային իրավիճակը բանակցային գործընթացում, որեւէ կերպ, մեղմ ասած չի նպաստում ԼՂ հակամարտության կողմերի կողմից հրադադարի պահպանմանը, որը կողմերի համար միջազգային պարտավորություն է։

Պետք է նկատել, որ եթե նախկինում հակամարտության մենեջմենտը /կառավարումը/, զինադադարի ռեժիմի ապահովումը, անվտանգության պահպանումը միջնորդներն իրենց խնդիրն էին համարում, ապա այժմ, 2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյանի եւ Ալիեւի հայտնի «վերալակային հանդիպման» ժամանակ ձեռք՝ բերված բանավոր պայմանավորվածություններից հետո հրադադարի պահպանումը տեղափոխվել է Փաշինյան-Ալիեւ ձեւաչափ, ինչը, ի դեպ, արդեն արձանագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում, որտեղ հիշատակվում են Դուշանբեի պայմանավորվածությունները: Այս իրողություններն էապես նվազեցրել են միջնորդների դերը հրադադարի պահպանման եւ լարվածության աճի զսպման գործում։

Հիմա արդեն բավական բարդ, գրեթե անհնար կլինի այս իրավիճակում Ադրբեջանին համոզել, կամ՝ ստիպել վերադառնալ նախկին օրակարգին, քանի որ իր համար ոչ շահավետ օրակարգը Ադրբեջանի իշխանությունները հնարավորություն ստացան մոռացության տալու։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկման պարագայում ակնհայտ կդառնա քաղաքական նոր խաղացողների ակտիվ ներգրավումը՝ առաջին հերթին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները կարո՞ղ են առանց կողմերի համաձայնության՝ ԼՂ հակամարտության շփման գծում կայունություն հաստատել

Լարվածության թուլացման՝ շփման գծում հրադադարի ռեժիմի ապահովման առաջարկներին Ադրբեջանը հետեւողականորեն ընդդիմացավ եւ փաստացի չընդունեց դրանք։ Այս միջոցառումների իրագործումը կարող է կայանալ միայն կողմերի համաձայնությամբ։ Սակայն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունները ունեն հնարավորություն առանց հակամարտող կողմերի համաձայնության ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կառավարելի դարձնելու եւ կայուն պահելու։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են՝ աշխարհաքաղաքական լրջագույն կենտրոններ են, երեքն էլ տեխնիկապես ունեն շփման գծի նկատմամբ արբանյակային վերահսկողություն սահմանելու հնարավորություն, եւ հիմա էլ, ակնհայտ է, որ եթե ոչ մշտադիտարկում, ապա՝ պարբերաբար այդ հնարավորությունից օգտվում եմ եւ հետեւում են ԼՂ հակամարտության շփման գծի շուրջ բոլոր շարժերին ու փոփոխություններին։ Հետեւաբար, այս երեք միջնորդ պետությունները կարող են քաղաքական կամք ցուցաբերել եւ առանց հակամարտության կողմերի համաձայնության հանդես գալ համատեղ պաշտոնական հայտարարությամբ, որ արբանյակային դիտարկումներից ստացած իրենց տեղեկատվության մշտական փոխանակում են իրականացնելու միմյանց միջեւ եւ որ միջնորդ երկրները պարբերաբար քննարկելու, վերլուծելու են ԼՂ հակամարտության գոտում ռազմական իրավիճակի փոփոխություններն ու հնարավոր անցանկալի զարգացումները։ Արբանյակային դիտարկման տեղեկատվության փոխանակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների միջեւ քննարկումներն ու վերլուծությունը շփման գծում իրավիճակի վերաբերյալ բավական լուրջ զսպաշապիկ կարող է հանդիսանալ հարձակողական ծրագրերի համար։ Միջնորդների այսպիսի համագործակցությունը էապես կնվազեցնի լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության բանակցությունները առաջ մղելու էական դրական խթան կհանդիսանա։

Հարկ է շեշտել, որ եթե 1994թ․ մայիսի 12-ին կնքված զինադադարի պայմանագրով կրակի դադարեցման ապահովումը հակամարտության կողմերի համար միջազգային պարտավորություն է, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից նման նախաձեռնության իրագործումը միջազգային պատասխանատվության հարց է, եւ այն կարող է իրագործվել նաեւ հակամարտության կողմերից որեւէ մեկի ընդդիմանալու պայմաններում՝ կանխելով նոր լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց նախորդում են զինուժի տեղաշարժերը եւ ռազմական կուտակումները շփման գծում։ Հետեւաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից նման նախաձեռնությունը լրջագույն դրական ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Կովկասի համար, այլեւ հավանական է, որ նման համագործակցությունը երեք պետությունների միջեւ դրական դեր ունենա մեծ, ներառյալ՝ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, սկիզբ դնելով նաեւ մի գործընթացի, որտեղ նորից կարեւոր կդառնա դիվանագիտությունը, այլ ոչ թե՝ ուժի ցուցադրումը։

Աշխարհաքաղաքական բոլոր վերջին գործընթացներում, ցավոք, շատ քիչ տեղ է զբաղեցնում դիվանագիտությունը, առավելապես գերիշխում է հիբրիդային գործիքակազմի կիրառման քաղաքականությունը։ Եթե վերոնշյալ նախաձեռնությունն իրականացվի, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների համար նոր հնարավորություն կստեղծվի հաստատել իրենց իսկ միջնորդական առաքելության դերն ու նշանակությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես ոչ միայն միակ, այլեւ արդյունավետ եւ խաղաղության հասնելու հեռանկար ապահովող ձեւաչափ լինելու փաստը։

Ներկայումս տարածաշրջանում գլոբալ անվտանգության սպառնալիքներ կան, եւ հնարավոր է, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունները խթանեն նոր պատերազմի բռնկման Լեռնային Ղարաբաղում, եւ հակառակը՝ ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում խթան հանդիսանա՝ Իրանում շուրջ իրավիճակի սրման համար։ Այս համատեքստում, ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական նոր գործողությունների բռնկման նվազեցման խնդիրն առավել քան արդիական է դառնում Միջին Արևելք-Հարավային Կովկաս ընդգրկուն տարածաշրջանի համար:

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խմբ․- ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը