Քաղաքական

05.10.2019 18:31


Ինձ անհասկանալի է, թե ինչո՞ւ են «Հայելու» խմբագրության դիմաց ակցիա անում, այլ ոչ կառավարության

Ինձ անհասկանալի է, թե ինչո՞ւ են «Հայելու» խմբագրության դիմաց ակցիա անում, այլ ոչ կառավարության

Ժամեր առաջ 4 անձին՝ հարձակում էին կատարել «հայելի» մամուլի ակումբի խմբագրության վրա։ Նրանք ձվեր էին նետել դռանը և պաստառներ կպցրել։ Դեպքի վերաբերյալ Հրապարակը մեկնաբանություն է խնդրել Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանից։ Նա նշեց, որ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի և առաջին հեթին պետք է դիտարկել Հրայր Թովմասյանի պաշտոնավարման դեմ տարվող գործընթացների համատեքստում։

«Ես սա առաջին հերթին համարում եմ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, ՍԴ-ի հարցի քննարկման շրջանակներում սա քաղաքական ակտ է , և , հաշվի առնելով, որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, թե «Հայելու առաջ» հաղորդման շուրջ ինչ գործընթացներ են տեղի ունենում, ապա պետք է այս համատեքստում դիտարկել տեղի ունեցածը։ Իրավապահ մարմինները անմիջապես պետք է արձագանքեն, հակառակ դեպքում՝ այս մեթոդը տարածում է ունենալու բոլոր լրատվամիջոցների դռների առաջ ու խմբագրությունների ներսում։ Խիստ պետք է դատապարտվի և քաղաքական ուժերի կողմից, բայց դատապարտելը քիչ է, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս դեպքով»,-ասաց Սեյրանյանը։

Սեյրանյանի խոսքով՝ երիտասարդների վրդովմունքը՝ կապված Hayeli.am-ի հրապարակած ««Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածի հետ, անհասկանալի է, որովհետև նրանք նույն արձագանքը չտվեցին, երբ Փաշինյանը տպավորված էր Ալիևով։

«Ես զարմանում եմ, թե ինչի վրա են զարմանում այս երիտասարդները, իրենց ի՞նչն է վրդովվեցրել, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, Ալիևի հետ հանդիպումից հետո ասաց, որ շատ նորմալ, դրական տպավորություն է ստացել, քաղաքակիրթ զրույց են ունեցել, Ալիևը Փաշինյանի վրա շատ կիրթ մարդու տպավորություն էր թողել։ Մեջբերում եմ Փաշինյանի խոսքերը։ Հետևաբար ինձ զարմացնում է, թե այս երիտասարդները ինչո՞ւ են «Հայելու» խմբագրության առջև կամ Հրայր Թովմասյանի ու Անժելա Թովմասյանի դեմ այս ակցիան անում, այլ ոչ կառավարության շենքի առջև, մենք այդ հանդիպումից հետո իրենց չտեսանք կառավարության կամ Բ26-ի առջև։ Ես չեմ բացառում, որ «168 Ժամ»-ի խմբագրության կամ Ժուռնալիստների միության առջև այս նույնը չեն անի, ուստի նախապես զգուշացնում եմ իրավապահներին»,-ասաց Սեյրանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը