Լրահոս

03.05.2010 10:26


Ստորագրահավաք ընդդեմ այգում իրականացվող շինարարության

Ստորագրահավաք ընդդեմ այգում իրականացվող շինարարության

Մայիսի 3-7-ին՝ ժամը 18.00-ից-20.00, Թամանյանի արձանի հարևանությամբ ստորագրահավաք է տեղի ունենալու՝ ընդդեմ Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական այգում» իրականացվող կառուցապատման աշխատանքների։

«Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական այգին» հիմնվել է՝ կլանելու երթևեկության աղմուկը, ապահովելու լռություն գրադարանի ընթերցողների համար, ստեղծելու խաղաղ միջավայր ուսանողների կրթության ու հաղորդակցվելու համար, ծառայելու որպես հանգստյան գոտի այդ տարածքում և այլուր բնակվող երևանցիների համար: Այգու ներկայիս լայնածավալ կառուցապատումը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ' խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները:

Շինարարության թույլտվությունը տրվել է՝ մի քանիսի մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից: Ընդհանուր օգտագործման տարածքների նման տնօրինումը Երևանի քաղաքապետարանի կողմից անընդունելի է և հանգեցնում է քաղաքի այգիների արագընթաց ոչնչացման։

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս, պահանջում ենք դադարեցնել Երևանի «Ուսանողական այգում» իրականացվող շինարարութունը և վերականգնել այգին՝ վերադարձնելով այն իր իրական տերերին՝ Երևանի բնակիչներին»,-ասված է ստորագրահավաքի ձևաթղթում:

Հավաքված ստորագրությունները պետք է ուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը