Քաղաքական

03.10.2019 19:40


Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին խորհրդական է նշանակել

Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին խորհրդական է նշանակել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումների ֆոնին՝ «Փաստինֆո»-ին ուշագրավ տեղեկություն է հայտնի դարձել։

Ըստ այդմ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին խորհրդական է նշանակել։

Տեղեկությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ իշխող «իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ-ում քննարկվող նախագծում, որպես Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմք նշվում է նաեւ նրա քավոր-սանիկական կապը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ։ Հրայր Թովմասյանն էլ վերջինիս հարսանիքի քավորն է։

Տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է. այդ պաշտոնին նշանակումը կատարվում է ըստ վստահության և ենթադրում է վստահության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ: Նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը համապատասխանում է այդ չափորոշիչներին, և նրա նշանակումը կատարվել է դրանք հաշվի առնելով»,-«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է ԱՆ մամլո քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը