Քաղաքական

03.10.2019 17:03


ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է «Վալդայ» համաժողովին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը.

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Պատասխան. Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը գրավականն է խաղաղ կարգավորման ու այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից:

Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

Հարց. ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է դիակների փոխանակման, ինչպես նաև փոքրաթիվ կալանքի մեջ գտնվող անձանց փոխանակման մասին: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողի դիակի տարհանում:

Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից:

Այս խորագրի վերջին նյութերը