Քաղաքական

03.10.2019 12:09


Ռուսական գազի գինը շարունակում է անորոշ մնալ. Պուտին-Փաշինյան հանդիպումը չտվեց այդ հարցի պատասխանը․ «168 ժամ»

Ռուսական գազի գինը շարունակում է անորոշ մնալ. Պուտին-Փաշինյան հանդիպումը չտվեց այդ հարցի պատասխանը․ «168 ժամ»

«Թվում էր, թե ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում, ի վերջո, կհանգուցալուծվի ռուսական գազի գնի հարցը: Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը վերջապես կտա այդ չարչրկված հարցի պատասխանը: Հանդիպումը կայացավ, բայց գա­զի գնի հետ կապված անորոշությունները շարունակում են պահ­պանվել: Այդպես էլ ոչինչ չասվեց այն մասին, թե ինչ պայմանավոր­վածություններ են ձեռք բերվել այդ առումով, կամ ձե՞ռք են բերվել, թե ոչ:

Իր ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանը ևս խուսափեց խոսել գազի թեմայից: Չնայած, եթե ասե­լու բան լիներ, հավանաբար կշտա­պեր ասել:

Այն, որ ասելիք չկա, արդեն վատ է: Դա նշանակում է, որ կողմերը դեռ չեն կարողացել լուծումներ գտնել, իսկ ժամանակը սպառվում է: Ինչ­պես ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից առաջ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի գնի վերա­բերյալ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև տարվա վերջ: Փոխվարչապետի այս հայտարա­րությունը պատահական չէր. Հա­յաստանին մատակարարվող ռու­սական գազի այսօրվա գինը գոր­ծում է միայն այս տարվա համար: Այսինքն`մինչև տարվա վերջ կողմերը պետք է կարողանան ընդհանուր հայտարարի գալ: Առավել ևս, եթե նոր գինը հանգեցնի նաև ներքին սակագների վերանայման, ապա դա. ըստ էության, նույնիսկ ավելի շուտ պիտի արվի, որպեսզի Հանրային ծառայությունները կար­գավորող հանձնաժողովը կարողա­նա վերանայել սակագները: Դրա համար անհրաժեշտ է, որ ներքին սակագները հաստատվեն գործո­ղության մեջ մտնելուց առնվազն 1 ամիս առաջ: Այսինքն` ոչ ուշ, քան նոյեմբերի 30-ին:

Ստացվում է, որ բանակցություն­ներն ավարտելու համար Հայաստանն առավելագույնը երկու ամիս ժամանակ ունի: Այդ ընթացքում ի՞նչ համաձայնության կգան կողմե­րը, առայժմ պարզ չէ:

Մեկ բան, այնուամենայնիվ, կար­ծես հստակեցվեց՝ 30 տոկոսանոց բարձրացում չի սպասվում: «Դա չի համապատասխանում իրականու­թյանը»,- հայտարարել է փոխվար­չապետ Մհեր Գրիգորյանը: Թեև պարզ է, որ քննարկումները գնում են գազի գնի բարձրացման շուրջ, այլապես հիմա դրանք վաղուց ավարտված կլինեին: Հարցը թանկացման չափի մեջ է, որը, անկախ ամեն ինչից, ցավոտ խնդիր է Հա­յաստանի համար: Հատկապես, եթե դա պիտի հանգեցնի նաև ներքին սակագների վերանայման:

Անցած անգամ, երբ ռուսական կողմը 10 տոկոսով ավելացրեց Հա­յաստանին մատակարարվող գազի գինը, դա այնքան էլ ցավոտ չընդուն­վեց, որովհետև ներքին սակագների փոփոխության անհրաժեշտություն չառաջացավ: Բայց այս անգամ նման հավանականությունը գրեթե զրոյական է: Ու ինչքան էլ խոսքը 30 տոկոսանոց թանկացման մասին չէ. ենթադրվում է, որ ներմուծման նույ­նիսկ ոչ մեծ բարձրացումն ազդելու է ներքին սակագների վրա: Բազմիցս հայտարարվել է, որ գազամատակարար ընկերության ներքին ռեսուրս­ներն անսահման չեն՝ սակագների բարձրացումը զսպելու համար:

Թեև դեռ պարզ չէ, թե հետագա­յում ինչ խնդիրների կարող է հան­գեցնել նախորդ թանկացման ազդե­ցությունը ներքին սակագների մեջ չներառելը: Այդ փուլում նպատակը սակագների բարձրացում թույլ չտալն էր: Հետևանքները երևալու են հետագայում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը