Քաղաքական

02.10.2019 18:59


Չենք ունենա իրավիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինենք հայտարարել, թե հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է. փոխվարչապետ Գրիգորյան

Չենք ունենա իրավիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինենք հայտարարել, թե հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է. փոխվարչապետ Գրիգորյան

Վստահ եմ` չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամսին ստիպված լինենք հայտարարել, թե հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է, սա` միանշանակ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե գազի սակագնի հետ կապված ինչ խնդիրներ կան, և սոցիալական համերաշխության սակագնի հետ կապված ինչ հնարավոր ռիսկեր ունենք:

Բագրատյանը նշեց, որ չի ցանկանում լսել պատասխան, թե բանակցություններ են ընթանում: «Հարցը բավականին բարդ է այն իմաստով, որ պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք չեն կարող չքննարկվել բանակցությունների ընթացքում, ընդ որում, յուրաքանչյուր բաղադրիչի քննարկումը բավականին ժամանակ է տանում, քանի որ ցանկացած բաղադրիչի հետ կա նաև «Գազպրոմ»-ի դիրքորոշումը, հայկական «Գազպրոմ»-ի դիրքորոշումը»,-ասաց Գրիգորյանը` հավատացնելով, որ կառավարությունը չի դանդաղեցնում հարցի լուծման պրոցեսը, պարզապես ցանկանում է ֆունդամենտալ լուծումներ գտնել:

«Ֆունդամենտալ լուծումն էլ նշանակում է, որ ցանկացած բաղադրիչ քննարկվի այնպես, որ մենք հնարավորություն ունենանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե ստանդարտ մեթոդով 1 կամ 2 տարվա համար, ինչը, կարծում ենք, շատ անցանկալի տարբերակ կլինի, այլ ունենալ ֆունդամենտալ պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա մեզ, այդ թվում` տնտեսությանը, ձևավորել իր սպասումները»,-մեկնաբանեց փոխվարչապետը` նշելով, որ իր կարծիքով` այդ ժամանակը շատ երկար չի տևի, և մինչև տարեվերջ կունենանք արդյունքի մասին վերջնական պատկերացում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը