Տնտեսական

01.10.2019 23:03


Գազի գնի բարձրացման հավանականությունը չափազանց մեծ է. Ռուսաստանը դադարում է մեզ որպես ռազմավարական գործընկեր ճանաչել. Վարդան Բոստանջյան

Գազի գնի բարձրացման հավանականությունը չափազանց մեծ է. Ռուսաստանը դադարում է մեզ որպես ռազմավարական գործընկեր ճանաչել. Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գրեթե համոզված է, որ գազի գինը կբարձրանա, և կարևորն այն չէ, թե քանի տոկոսով, այլ այն, որ Ռուսաստանը դադարում է մեզ որպես ռազմավարական գործընկերը ճանաչել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ հուսով է՝գազի գինը չի բարձրանա։

Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ բնակիչները դեռևս մատչելի գին են վճարում գազ սպառելու համար, բայց գնի բարձրացման հավանականությունը չափազանց մեծ է: Միայն թե, իր խորին համազմամբ՝ այս գինը մինչև տարեվերջ կպահպանվի, իսկ մյուս տարի՝ կբարձրանա:

«Գազամատակարարման հարաբերություններում այս պրակտիկան է գործում․ եթե պայմանագիր է կնքվում, այն որոշակի ժամանակահատված անփոփոխ են թողնում, և որպես այդպիսի ժամանակահատված, դառնում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ իսկ պատճառով գազի սակագինը կբարձրանա 2020 թվականի հունվարի 1-ից»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց, որ գնի բարձրացումը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և պատճառը փնտրել Ռուսատանի նկատմամբ մեր իշխանությունների կեցվածքում:

«Գազամատակարարումն արդեն քաղաքական գործոն է դարձել: Եթե մենք շարունակենք մեզ այսպես դրսևորել, Ռուսաստանը կարող է մեզ ընդհանրապես գազ չմատակարարել, կամ վաճառել այն գներով, որով գազը համաշխարհային շուկայում է իրացվում։ Եթե գործընկեր ես, ապա պետք է այդպիսին էլ մնաս, ոչ թե ամենազանազան ուղղություններով «խաղեր տաս»: ՀՀ-ն վատացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, որը ոչ միայն հզոր պետություն է, այլև ստրատեգիական ամենակարևոր ռեսուրսի տերն է»,-ասաց Բոստանջյանը:

Հարցին, թե կբարձրացվի՞ այս հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, Բոստանջյան պատասխանեց. «Հանդիպման ընթացքում, հնարավոր է, լուծումներ առաջարկվեն, բայց, բոլոր դեպքերում, ՀՀ-ն որոշիչ դեր չի կարող ունենալ, առավել ևս, որ համաշխարհային խոշոր գործառույթներում մենք գրեթե ներգրավված չենք»,- ասաց նա:

Տնտեսագետը նաև կարծիք հայտնեց առ այն, որ բանակցությունները կընթանան ուժերը կոնսոլիդացնելու, համախմբելու ուղղությամբ, որպեսզի կարողանան դիմակայել մարտահրավերներին, հատկապես՝ տնտեսական պատժամիջոցներին:

Այս խորագրի վերջին նյութերը