Աշխարհ

30.09.2019 19:21


Ադրբեջանցի պատգամավորը հրաժարվել է մանդատից՝ պարտքի դիմաց պատգամավորական վկայականը որպես երաշխիք թողնելու սկանդալի պատճառով

Ադրբեջանցի պատգամավորը հրաժարվել է մանդատից՝ պարտքի դիմաց պատգամավորական վկայականը որպես երաշխիք թողնելու սկանդալի պատճառով

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները տարածել են պատգամավորի` պարտքի դիմաց սեփական պատգամավորական վկայականը որպես երաշխիք թողնելու փաստը: Ադրբեջանում նման նախադեպ առաջին անգամ է գրանցվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վերջերս լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել առ այն, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ Ռաֆայել Ջաբրայիլովին դատի են տվել:

2015 թվականին պատգամավորը սեփական տան շինարարական աշխատանքների համար 300 հազար դոլարի չափով պարտք էր վերցրել: Ինչպես հետագայում պարզ է դարձել, պատգամավորը պարտատիրոջ հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն գումարն այդպես էլ ժամանակին չի կարողացել վերադարձնել. արդյունքում պարտքը վերադարձնելու երաշխիք է դարձել Ջաբրայիլովի պատգամավորական վկայականը:

Գումարը պատգամավորին պարտքով տրամադրած քաղաքացին դիմել է դատարան` գումարը վերադարձնելու պահանջով: 2019 թվականի փետրվարի 15-ին դատարանը հօգուտ մեղադրող կողմի որոշում է կայացրել: Ռաֆայել Ջաբրայիլովը որոշումը բողոքարկել է, սակայն նրա բողոքը չի բավարարվել:

«Ռաֆայել Ջաբրայիլովը դիմել է խորհրդարան` մանդատից հրաժարվելու հարցով: Խորհրդարանի անդամներին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Խորհրդարանը դիմումը կուղարկի ԿԸՀ, և այն որոշում կկայացնի»,-ասել է Իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը