Քաղաքական

30.09.2019 10:32


Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց բողոքը

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց բողոքը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` քիչ առաջ այսպիսի որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը` մերժելով Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը։

Սեպտեմբերի 27-ին` կալանավորման դեմ բողոքի քննարկման օրը, Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, որ Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ է տվել խախտում, ինչի համար իրենք հաղորդում են ներկայացրել Արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. «Դատարանն ընդհանրապես չուներ փաստական նյութ, որի հիման վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել։ Եթե դատարանը չունի նյութ կասկածը հաստատված համարելու, ապա ակնհայտ է, որ խախտում է թույլ տվել»,-նշել էր պաշտպանը։

Վերջինս հայտնել էր նաև, որ Գագիկ Խաչատրյանի անունից ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցվել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումար:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար, ինչից հետո միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։

Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև, որ Խաչատրյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՔԾ-ում, որի շրջանակներում նա մեղադրվում է 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։ Այս գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հետագայում նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկեց ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվեցին մեկ վարույթում։

Այս խորագրի վերջին նյութերը