Քաղաքական

29.09.2019 11:07


Ինչպես են ներխուժել Մութաֆյանների բնակարան. Անահիտ Մութաֆյանը բացում է փակագծերը (տեսանյութ)

Ինչպես են ներխուժել Մութաֆյանների բնակարան. Անահիտ Մութաֆյանը բացում է փակագծերը (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել եւ կից տեսանյութ ներկայացրել, որտեղ մասնավորապես ասված է. «Համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել եւ ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել եւ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է հետաքննություն»: Այդ երիտասարդը «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող, ակտիվիստ ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆՆ է, որին, ինչպես երեւում է տեսանյութում, ձեռքերը ոլորած ոստիկանական բաժանմունք են տանում` դիմակավորված ոստիկանները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն գործով բերման է ենթարկվել նաեւ ակտիվիստ ՍԱՐԳԻՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ: Նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել:

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Նարեկ Մութաֆյանի քույրը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ մանրամասներ է պատմել ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Իրենց բնակարանում տեղի ունեցած «մասկի շոուն» Ա. Մութաֆյանը համարում է անօրինականությունների շարան. «Սկսեմ նրանից, որ ոստիկանությունն առանց անձնագրային տվյալները ստուգելու, առանց օրինական հասցեն ճշտելու, առանց սանկցիայի, խաբեությամբ ներխուժել է մեր բնակարան: Գիշերվա ժամը՝ 04:00-ին, դուռը թակում են եւ ասում, թե շտապօգնությունից է: Բնականաբար, մենք շտապօգնություն չէինք կանչել, բայց «գլազոկից» նայեցինք ու տեսանք շտապօգնության բժիշկ է կանգնած: Մայրս դուռը բացեց եւ ի՜նչ… Մեր տուն ներխուժեցին երկու դիմակավոր ոստիկան, երկու կարմիր բերետավոր, երկու ППС-ի աշխատող եւ 4 քննիչ: Երեւի նույնիսկ Բրեյվիկին այդպիսի կազմով բերման չեն ենթարկել: Մեր հարցին, թե ինչ եք ուզում, սկզբում նրանք ասացին, որ ուզում են հրավիրել Նարեկին զրուցելու, եւ երբ Նարեկը մեկ-երկու անգամ ասաց, որ առանց իր փաստաբանի չի գնա բաժին, նրանք արդեն սկսեցին հոխորտալ: Ոչ մի փաստաթուղթ ցույց չեն տվել մեզ, սա եւս ապօրինություն է: Նրանք սկսեցին հոխորտալ, հանել ձեռնաշղթաները եւ ասացին Նարեկին, որ իրեն բերման կենթարկեն: Նարեկն ասաց՝ տղաներ, ես նորմալ մարդ եմ, ձեզ հետ կիջնեմ»:

Ինչ վերաբերում է ոստիկանության հրապարակած տեսանյութին, Ա. Մութաֆյանն ասաց, որ նման դեդեկտիվ ֆիլմի տեսարան, նույնիսկ Դիանա Գրիգորյանի սերլաները կերազեին ունենալ. «Թող ինձ ների իմ ընկերուհին, բայց այդպիսի թույն տեսարանում մենք դերասաններով կերազեինք նկարահանվել: Նարեկը շատ հանգիստ, առանց ձեռնաշղթաների, առանց որեւէ ոստիկանի օգնության, իջել է մեր բնակարանից ներքեւ, իր ոտքով նստել է ППС-ի մեքենան եւ իրենց հետ ուղեւորվել է Շենգավիթի ոստիկանություն, որից հետո տեսնում եմ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը: Սա եւս օրենքի խախտում է: Տեսանյութը կարող էր հրապարակվել որեւէ լրատվամիջոցի կողմից, բայց՝ ոչ, մեր ոստիկանները շտապել էին դուր գալ մեր գերագույնին, իրենց տիրոջը, որովհետեւ այսօր ՀՀ ոստիկանություն գոյություն չունի, գոյություն ունի Նիկոլի ոստիկանություն: Նիկոլի ոստիկանները փորձել են ավելի շատ դուր գալ նրան: Նարեկի ձեռքերը ոլորած… Նույնիսկ Պրեմյակովին, որը մի ամբողջ հայ ընտանիք ոչնչացրեց, այդպես չէին տանում ոստիկանություն: Իսկ ո՞ւր է Վայոց ձորի մարզպետի օգնականի բերման ենթարկման տեսանյութը, հարգելի ոստիկանություն»:

Անդրադառնալով եղբոր դեմ առաջադրված մեղադրանքին՝ Անահիտ Մութաֆյանը նշեց հետեւյալը. «Այսօր ամբողջ օրը քննիչները փորձել են գործ կարել: Ինքս քիչ, թե շատ տիրապետում եմ իրավունքին, մեր հիանալի փաստաբանները գիշերվա ժամը 4-ից Նարեկի հետ են, իսկ 12:00-ից նաեւ բերման ենթարկված Սարգիսի հետ: Փաստաբանները զարմացած են, թե ինչպես կարելի է գործը կարել: Այսինքն՝ դու լրագրող ես, ազատ բլոգեր եւ դու իրավունք չունե՞ս մոտենալ փողոցում դատավորին ու հարցեր տալ: Ընդ որում՝այնպիսի հարցեր, որոնք հուզում է ամբողջ հանրությանը: Նարեկն ընդամենը ցիտել էր գերագույնին, որն ասել էր, թե կան դատավորներ, որոնք վնգստում են, որոնց գլխին խփում են եւ պատերի տակ վնգստալով տերեր են փնտրում: Ասեմ, որ Նարեկը ստացել է շատ լավ դաստիարակություն եւ իրենից մեծ կանանց երբեք չէր վիրավորի եւ, իհարկե, չի վիրավորում տիկին Աննա Դանիբեկյանին: Տեսանյութը համացանցում է, դուք բոլորդ կարող եք դիտել»:

Ի դեպ, հատկանշական է, որ օրեր առաջ Անահիտ Մութաֆյանը գրառում էր կատարել եւ խոսելով Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի մասին՝ նշել էր, որ սա միայն նրա խնդիրը չէ, այլ ողջ ազգի, որովհետեւ ուղտը կարող է չոքել բոլորի դռան առաջ: Անդրադառնալով այս գրառմանը՝ դերասանուհին շեշտեց. «Այսօր այդ ուղտը չոքեց իմ դռան առաջ, վաղը կչոքի քո դռան առաջ: ՀՀ քաղաքացի, դու չպետք է լռես, վիզդ ծուռ չպետք է կանգնես: Գիտեմ, որ հիմա զարմանում եք, որ ես դեռ ի վիճակի եմ այսքան խոսելու: Ուղղակի ասեմ՝ այն, ինչն ինձ չի սպանում, ավելի է ուժեղացնում: Մեզ նեղելը, ապօրինի կալանքներն ու ձերբակալությունները, ահաբեկելը Ֆեյսբուքում, ինչքան ավելի շատ անես, Նիկոլ, մենք ավելի ենք հզորանալու: Ես քեզ վառ օրինակ: Ի դեպ, ոստիկանությունը չի վերցնում մեզնից ոչ մի հայտարարություն, երբ մեզ ահաբեկում են Ֆեյսբուքում»:

Եվ վերջում Անահիտ Մութաֆյանը կրկին դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ընդգծել. «Նիկոլ ջան, դու գիտես, թե ինչ բան է հզոր ու ուժեղ կինը, դու ապրում ես այդ հզոր ու ուժեղ կնոջ կողքին, նրա հետ, նրա շնորհիվ, դու շատ բաների ես հասել այդ հզոր ու ուժեղ կնոջ կողքին ու շնորհիվ: Ասեմ քեզ՝ Նիկոլ, Աննայի ուժի տասնապատիկն ունեմ ու աշխարհի ամենասարասափելի բանը վիրավորված եւ նեղացած կինն է: Իսկ ես այսօր նեղացած եմ իմ երկրից, անարդար արդարադատությունից, անօրեն օրենքներից: Եվս մեկ անգամ քեզ հիշեցնեմ, Նիկոլ, եթե շարունակվի իմ եղբոր՝ Նարեկի քաղաքական հետապնումը, սրա մասին կիմանա ողջ աշխարհը եւ ողջ աշխարհի աչքի առաջ կփլուզվի քո ստեղծած միֆը, որ դու ապրում ես ժողովրդավար երկրում, որ դու կառուցում ես ժողովրդավար երկիրը»:

Եզրափակելով խոսքը՝ Ա. Մութաֆյանը նշեց, որ սպասում է նորմալ նորությունների, որ դատարանը կմերժի Նարեկի եւ Սարգիսի ապօրինի կալանքը. «Դիմում եմ Սարգիսի հարազատներին եւ ընկերներին՝ եղեք ամուր, եղեք Սարգսի կողքին: Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, որոնց շատ եմ սիրում՝ շնորհակալ եմ, որ իմ ու եղբորս կողքին եք: Շնորհակալություն, որ դուք եւս կռիվ եք տալիս Հայաստանի հանրապետությունն օրինական երկիր դարձնելու համար»:

Աղբյուրը՝ iravunk.com

Այս խորագրի վերջին նյութերը