Քաղաքական

28.09.2019 21:44


«Ինչո՞ւ մի դեպքում քրգործ հարուցվեց, իսկ մեր դեպքում` ոչ». Ալեքսանդր Ազարյան

«Ինչո՞ւ մի դեպքում քրգործ հարուցվեց, իսկ մեր դեպքում` ոչ». Ալեքսանդր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, դատապարտելով Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ կատարվածը, նշում է, որ իրավապահներն ադեկվատ չեն գնահատում դեպքերը։ Այս մասին Ազարյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու ճնշումները բոլոր նորմալ մարդկանց մոտ բացասական արձագանք են առաջացնում։ Սակայն ինչո՞ւ են Դանիբեկյանի գործն այսպես քաղաքականացրել, չգիտեմ։ Բոլորս կարող ենք փաստել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա շատ ավելի մեծ ճնշումներ են գործադրվել հայտնի որոշումից հետո, քան Դանիբեկյանի»,–ասաց նա։

Ազարյանը նշեց նաև, թե չի կարող ասել` Դանիբեկյանի հետ կատարված միջադեպը ճնշո՞ւմ է նրա նկատմամբ, թե՝ ոչ, սակայն իր մոտ տպավորություն էր, որ տղաներն ակցիա են իրականացնում։

Հարցին, թե ո՞րն է դատավորների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը` Ազարյանը պատասխանեց՝ իրավական ցածր մակարդակը։

«Ես կամ Դավիթ Գրիգորյանն էլ որոշում ենք կայացրել, որը որոշ զանգվածի մոտ դժգոհություն է առաջացրել, և որոնք արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Դանիբեկյանն էլ որոշում էր կայացրել, որը նորից մի մասի մոտ դժգոհություն է առաջացրել, ու նրանք էլ իրենց դիրքորոշումն են արտահայտել։ Հարց է առաջանում` ինչո՞ւ մի դեպքում քրգործ հարուցվեց, իսկ մեր դեպքում` ոչ»,–ասաց նա։

Նա նշեց նաև, որ դեպքեր են տեղի ունենում, որոնք համապատասխան գնահատականի չեն արժանանում` դատավորի նկատմամբ ճնշումներ գործադրելու կոչեր են արվում, դատարանների դռներ են արգելափակվում, հրաժարականների պահանջներ են ներկայացվում...

Նրա մեկնաբանմամբ` գործող իշխանությանը չի բավարարում, որ դատարաններն անկախ են, ու նրանց կամքին հակառակ որոշումներ են կայացնում։

Այս խորագրի վերջին նյութերը