Քաղաքական

28.09.2019 12:37


«Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու». Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ-ի խորհրդաժողովին մասնակցությունը

«Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու». Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ-ի խորհրդաժողովին մասնակցությունը

ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտնել է, որ չեղարկել է Հայաստանում կայանալիք խորհրդաժողովին իր մասնակցությունը, որտեղ նա պետք է ելույթ ունենար, գրում է The Washington Post-ը:

Պարբերականը նշում է, որ խոսքը Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում կազմակերպված համաժողովի մասին է: Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուրբաթ առավոտյան Ջուլիանին The Washington Post-ին հաստատել էր իր մասնակցությունը խորհրդաժողովին, սակայն երեկոյան մտափոխվել էր:

«Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու»,-The Washington Post-ին հայտնել է փաստաբանը՝ բացատրելով համաժողովին չմասնակցելու իր որոշումը և հավելել. «Ավելի լավ է զգուշանալ, քան համարձակություն դրսևորել»:

Պարբերականը նշում է, որ Ջուլիանը՝ համաժողովին չմասնակցելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին: Նշվում է, որ Թրամփը Զելենսկիին հարկադրել է հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ: Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել էր նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը։

ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին նաև հայտնել է, որ հաջորդող շաբաթներին պետք է ավելի շատ ժամանակ տրամադրի Թրամփին՝ վերջինիս իմպիչմենտի գործընթացի հետ կապված:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը