Տնտեսական

28.09.2019 10:56


Բան­կա­յին գաղտ­նի­քի մա­սին նա­խա­գ­ծի ըն­դուն­մամբ ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գը հար­վա­ծի տակ է ընկ­նե­լու․ «Փաստ»

Բան­կա­յին գաղտ­նի­քի մա­սին նա­խա­գ­ծի ըն­դուն­մամբ ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գը հար­վա­ծի տակ է ընկ­նե­լու․ «Փաստ»

Օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Այսինքն՝ առաջարկվող փոփոխությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, կամ ում նկատմամբ կասկած կարող է լինել։

Առաջին հայացքից թվում է, թե օրենսդրական փաթեթի ընդունումը որևէ խնդիր չի հարուցի, սակայն պրակտիկայում դրա կիրառման արդյունքում լուրջ պետության համար բացասական հետևանքներ ի հայտ կգան:

Եվ պատահական չէ, որ այս օրենքների ընդունման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սակայն վարչապետը, շրջանցելով ներկայացված փաստերը, ընդունել տվեց օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։

Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրենք ցանկանում են հասանելիություն ստանալ որոշ մարդկանց բանկային հաշիվներին, որպեսզի կարողանան բացահայտել կոռուպցիոն դեպքերը, և հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունումը:

Սակայն հարցն այն է, թե ի՞նչ լուրջ վտանգ կարող է առաջ բերել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը, որ իր մտահոգությունները բարձրաձայնեց նույնիսկ փոխվարչապետը:

Խնդիրն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ներկայացված փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենալու մեր երկրի բանկային համակարգի կայունության և ներդրումային միջավայրի վրա:

Երբ քաղաքացիները վստահ են, որ իրենց բանկային հաշիվների գաղտնիությունը պահպանվելու է, ապա իրենց գումարները պահում են բանկերում, իսկ այս օրենսդրական փոփոխությունից հետո մարդիկ հանելու են իրենց ավանդներն ու ընդհանրապես բոլոր գումարները բանկերից ու փորձելու են բանկային ոլորտում ներդրումներ չանել:

Նույնիսկ՝ ոչ միայն նրանք, որոնք, ըստ Փաշինյանի ու նրա թիմի, «վախենալու բան ունեն»:

Այդպես կարող է վարվել ցանկացած գործարար, ցանկացած քաղաքացի՝ «շառուփորձանքից հեռու» սկզբունքով, քանզի փորձը ցույց է տալիս, որ հարվածի տակ են հայտնվում բոլոր նրանք, ովքեր պարզապես հաճո չեն այս իշխանությունների քիմքին:

Պետք է նկատել, որ ինչքան բարձր է բանկային հաշիվների մասին տեղեկատվության պահպանության մակարդակը, այնքան բարձր է բանկի վարկանիշը և պոտենցիալ հաճախորդների շրջանակը։

Ուստի պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ բանկային գաղտնիքի ապահովմանը հատուկ կարևորություն են տալիս, իսկ, օրինակ՝ Ավստրիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, ընդհանրապես, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների բացահայտումը գրեթե անհնար է։

Նշված օրենսդրական փոփոխությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը խոչընդոտ է դառնալու արտերկրից ներդրումների ներգրավման համար:

Ներդրողներն ուղղակի չեն ուզենա գումարներ դնել այն երկրում, որտեղ օրենսդրական դաշտն իրենց չի բավարարում ու բանկային գաղտնիքի ապահովումը պատշաճ մակարդակի վրա չէ, և դրա արդյունքում կամայականությունների զոհ կարող են դառնալ:

Դրան գումարած՝ մեր երկրից գումարների մեծ արտահոսք տեղի կունենա, քանի որ բանկային հաշիվներ ունեցող մարդիկ ավելի նախընտրելի կհամարեն իրենց ֆինանսական միջոցները ներդնել այլ երկրների բանկերում:

Բացի այդ, ներկայացված օրենքների կիրառման արդյունքում անկանխիկ գործարքների թիվը կնվազի, իսկ կանխիկ գործարքների թիվը մեծապես կաճի:

Ստացվում է, որ վարչապետը մի կողմից խոսում է տնտեսական հեղափոխության, ներդրումների ներգրավման կարևորության մասին, իսկ մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի ներքո բանկային գաղտնիքի մասին նախագծի ընդունմամբ լուրջ հարված կարող է հասցվել մեր երկրի ֆինանսական համակարգին:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը