Քաղաքական

28.09.2019 10:43


Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել՝ իմանալով, որ հաջորդ օրը կալանավորելու են․ «Հրապարակ»

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել՝ իմանալով, որ հաջորդ օրը կալանավորելու են․ «Հրապարակ»

Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Այս մասին գրել ենք, եւ Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Ինչպես հայտնի է, սա Հայկ Հարությունյանի առա­ջին հարցաքննությունը չէր լինե­լու։ Ըստ ՀՔԾ-ի՝ Հարությունյանը հարցաքննվելու էր։ «Սակայն օրը չեմ կարող նշել»,–ասաց ծառա­յության խոսնակը «Հրապարակին»։ Այլ հարցերի չցանկացավ պա­տասխանել։

Եվ, ուրեմն, ինչն էր հունից հա­նել գեներալին՝ ստիպելով նրան գնալ ծայրահեղ քայլի։ Հազիվ թե դա լիներ զուտ հարցաքննվելու հե­ռանկարը։ Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ իր ՀՔԾ կանչվելուց ժամեր, գուցե րո­պեներ առաջ Հայկ Հարությունյանն իմացել է, որ հաջորդ օրը նրա դատավարական կարգավիճակը փոխվելու է, նրան մեղադրանք են առաջադրելու եւ, հավանաբար, կալանավորելու են։ Այս գույժը նույն օրը նրան փոխանցել է ոստիկա­նությանը մոտ կանգնած անձը։

Հենց կալանավորման մա­սին լուրն էլ դրդել է գեներալին ինքնասպանության։ Չկալանավորվելը, բերդ չգնալը կալանա­վայրերում աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող Հայկ Հարությունյանի համար, հավանաբար, պատվի հարց է եղել, որը նա «լուծել» է կտրուկ ու անվե­րադարձ։ ՀՔԾ-ից հերքում են, որ Հայկ Հարությունյանին որպես մե­ղադրյալ ներգրավելու որոշում կամ մտադրություն է եղել։ «Դա հնարա­վոր չէ, քանի որ վաղեմության հարց կարող է ծագել»,–ասում է քննիչնե­րի շրջանակին մոտ կանգնած մեր աղբյուրը։

2008 թ. մայիսի 29-ին ՀՀ նա­խագահի հրամանագրով Հայկ Հա­րությունյանն ազատվել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո անցել է 11 տարի, իսկ պաշտոնեա­կան լիազորությունները չարաշա­հելու կամ անցնելու հոդվածների դեպքում (Քրօր. 308-րդ հոդված, կամ պաշտոնեական լիազո­րություններն անցնելը՝ Քրօր. 309-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասեր) օրենքը 5-10 տարվա վաղեմության ժամկետ է սահմանում։ Կարելի է կարծել, որ հենց այս քննարկումների աղավաղված լուրն էլ հասել է գենե­րալին այդ ճակատագրական օրը եւ կանխորոշել իրադարձությունների ողբերգական ընթացքը։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը