Քաղաքական

27.09.2019 23:36


Ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով դատավոր Արղամանյանին

Ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով դատավոր Արղամանյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին։ Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։

Նշվում է, որ Datalex տեղեկատվական կայքից հայտնի է դարձել, որ Ռ․ Քոչարյանի պաշտպանների՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու բողոքը պետք է քննի Մ․ Արղամանյանը։

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները։

«Հարկ ենք համարում նշել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանրահավաքին մասնակցել է ոչ թե հեռավոր ազգական, այլ հենց դատավոր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որն, ըստ Էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրի, իր հետ է բնակվում։

Բացի այդ, անաչառության հետ կապված հիմնավոր կասկած է հարուցում տվյալ դատավորի բավականին ցածր վարկանիշը՝ -10։ Ըստ helpcourt.am կայքի՝ դատավոր Արղամանյանն այս ցուցանիշով գտնվում է դատավորների վատագույն քառյակում։ Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը Ռ․Քոչարյանի գործը քննելու պահին եղել է -7»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը