Լրահոս

27.09.2019 15:25


Նորակերտի բնակիչները փակել են երկաթգիծն ու պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև

Նորակերտի բնակիչները փակել են երկաթգիծն ու պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի:

Գնալով ահազանգի հետքերով և միաժամանակ հաշվի առնելով երկաթգծի խիստ կարևոր նշանակությունը՝ անմիջապես կապ ենք հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղեկացրել խնդրի մասին:

Կապ հաստատեցինք նաև Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ, որն արդեն տեղյակ էր խնդրի մասին, և անմիջապես հասավ այնտեղ՝ գյուղացիների հետ խոսելու, խնդրի լուծման եզրեր գտնելու:

Տեղեկացնեմ, որ խնդիրն իրականում նոր չէ: Գյուղացիների հետ քննարկել եմ խնդիրը սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նորակերտի բնակիչների հետ համայնքային հանդիպման ժամանակ և ասեմ, որ համալիր քննարկումների անհրաժեշտություն կա: Դա է նաև պատճառը, որ ՀՀ կառավարությունն այս մասով մինչ օրս որոշում չունի:

Հետևաբար հորդորում եմ գյուղացիներին բացել այս կարևոր երկաթգիծը և հնարավորություն տալ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը՝ շարունակել աշխատանքը. Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրին, ակցիան հասել է իր նպատակին: Փոխմարզպետը կլինի համայնքում։ Իսկ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեմ:

Ի դեպ, երկաթգիծը փակելու ակցիայի կազմակերպիչն ու մասնակիցներից շատերը աշխատում են Սոտքի ոսկու հանքում»:

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները դեռևս փակ են պահում տեղի երկաթգիծը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ բողոքող անձինք հող են ցանկանում ունենալ։

«Նախկինում այդ հողերը համայնքինը չեն եղել, հիմա համայնքին է տրամադրվել, և նրանք պահանջում են։ Այդ հողերը նախկինում գյուղի բնակիչները չեն ցանել, իսկ Հողային օրենսգրքի համաձայն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հող մշակել ցանկացած տեղ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք տեղ կհասնի բնակիչների բողոքները, նա պատասխանեց․ «Հատուկ ընթացակարգեր կան, պետք է մրցույթ լինի և այլն»։

Գերասիմ Սարգսյանը տեղեկացրեց, որ տեղում են Գեղարքունիքի փոխմարզպետը և այլ աշխատակիցներ, հույս ունի, որ շուտով կբացեն երկաթգիծը։

Այս խորագրի վերջին նյութերը