Քաղաքական

27.09.2019 12:55


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել բարձր ներկայացուցիչ Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար:

Նախարար Մնացականյանը և բարձր ներկայացուցիչ Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը արժևորել են ՀԸԳՀ-ն՝ որպես ընդհանուր կարևոր ձեռքբերում և գնահատեցին վերջինիս դերը՝ որպես ԵՄ կողմից Հայաստանում մեկնարկած բարեփոխումներին աջակցելու, ԵՄ հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևոր գործիք:

Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է մարդկանց միջև շփումների խթանման և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի համար ԱլԳ ոչ թե ԵՄ երկրների հետ հարևանության ձևաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արևելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ Բարձր հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին:

Այս խորագրի վերջին նյութերը