Քաղաքական

27.09.2019 12:39


Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ հետևելով արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։

«Ես կարող եմ խոսել իմ անունից և հայտարարում եմ, որ ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-հայտարարեց Գյուլումյանը։

Նշենք, որ հանրության քննարկմանը ներկայացված «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով հստակեցվում է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը։

Մասնավորապես, առաջարկվում է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, արդյոք այն ճնշո՞ւմ է Սահմանադրական դատարանի վրա, Գյուլումյանը պատասխանեց.

«Թույլ տվեք ես քաղաքական գնահատականներ չտամ։ Սահմանադրական դատարանը այն կառույցն է, որի գործունեության հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Եթե մենք զբաղվենք այդ կարծիքների վերլուծությամբ, ապա կարող ենք խախտել մեր քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերելու մասին օրենսդրական պահանջը»։

***

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի կարծիքով՝ հնարավոր է ճնշել միայն ճնշվող դատավորին։

«Ճնշում են նրան, որը ճնշվում է։ Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն, թող կողքից խոսեն։ Ինձ հնարավոր չի ճնշել, ինձ հնարավոր չի շեղել ճիշտ ուղուց»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարց Ալվինա Գյուլումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ազգային ժողովը ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա։

Երբ լրագրողը նորից պնդեց հարցը, ՍԴ դատավորն ասաց, որ ինքն ի պաշտոնե չի կարող քաղաքական գնահատականներ հնչեցնել։

Նշենք, որ Ազգայն ժողովը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել։ Ներկայացված նախագիծը օրերս ԱԺ պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

***

Հայաստանի Սահմանադրական դատարանը քաղաքականացված մարմին չէ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Հարցին՝ անկախ ՍԴ նախագահի քաղաքական կապերի՞ց, Գյուլումյանը արձագանքեց. «Գիտեք, մեր հասարակությունն այնքան փոքր է։ Կան նաև այսօրվա քաղաքական ուժերի հետ կապեր ունեցողներ։ Ես ինքս և' մեկի, և' մյուսի հետ կապեր ունեմ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք փոքր հանրության մեջ ենք ապրում։ Ասեք՝ ձեր ընտանիքում, ձեր բարեկամության մեջ չկա՞ն և մեկի, և մյուսի ներկայացուցիչներ»։

Գյուլումյանի խոսքով՝ դատավորը պետք է կարողանա այդ ամենի պայմաններում լինել անաչառ, անկախ։

Դիտարկմանը, թե հասարակությունը չի վստահում ՍԴ գործող անդամներին և հարցին՝ ինքը՝ Գյուլումյանը, անաչա՞ռ է, ՍԴ դատավորը պատասխանեց. «Գիտեք, ես չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ եկան Սահմանադրական դատարանի դիմաց կանգնեցին, դրանք հասարակություն են»։

Նշենք՝ Ալվինա Գյուլումյանը նկատի ունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջող ՀՀ քաղաքացիներին։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը