Լրահոս

25.09.2019 12:28


Ցավ որովայնում. ի՞նչ է պետք անել

Ցավ որովայնում. ի՞նչ է պետք անել

Սուր ապենդիցիտ, լեղաքարային հիվանդություն, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, խոցեր, նորագայություններ, ճողվածքներ, վնասվածքներ, և այլն․ սրանք խնդիրներ են, որոնց հետ ամենօրյա ռեժիմով առնչվում է ընդհանուր վիրաբույժ, ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանը։ «Որովայնի խոռոչի օրգանների բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել պահպանողական եղանակով, երբեմն ժամանակին համապատասխան մասնագետի դիմելու դեպքում մի քանի հաբը բավական է հիվանդության զարգացումը կանխելու համար»,-նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն ու ցավով նկատում, որ մեզանում բավական շատ են ուշացած, բարձիթողի դեպքերը, երբ վիրահատությունն այլևս անխուսափելի է։

70750836_684417892060717_384218260947599360_n

Որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունները տարբեր ծագում և զարգացման ընթացք ունեն, սակայն դրանցից շատերին միավորող ախտանիշ է հանդիսանում ցավը։ «Ցավ որովայնի շրջանում: Սա ազդակ է, որը չի կարելի անտեսել: Որքան շուտ դիմեք վիրաբույժի, այնքան շուտ կախտորոշվի հիվանդությունը և հեշտությամբ կլուծվի խնդիրը»,-նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս չհանդուրժել ցավը՝ հատկապես սուր ցավերը, վերջինիս հայտնվելուն պես անհապաղ դիմել վստահելի վիրաբույժի։

70806752_427267798137919_3455352879563407360_n

Ցավ որովայնում՝ առավելապես աջ զստային(ստորին) շրջանում, սրտխառնոց, թուլություն, վքնածություն, աջ ոտքի ձգվածություն, այսպիսի ախտանշանները կարող են վկայել սուր ապենդիցիտի(կույր աղու որդանման ելունի բորբոքման) մասին։ Թեև ապենդիցիտի լայն տարածվածությանը, այս խնդրի ճիշտ ախտորոշումը մինչ այժմ էլ դժվարություններ է հարուցում։ Պատճառն այն է, որ նմանատիպ ախտանշաններ կարող են հանդիպել ինչպես սուր ապենդիցիտի, այնպես էլ այլ հիվանդությունների, օրինակ՝ երիկամային խիթի դեպքում։ Սակայն այնուամենայնիվ կան ապենդիցիտի համար տարբերակիչ նշաններ, որոնք չեն վրիպի հմուտ մասնագետի աչքից։ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի խոսքերով՝ ով սուր ապենդիցիտի ախտորոշման և բուժման հարուստ փորձ ունի, գիտականորեն ապացուցված է, որ ապենդիցիտը 70 տոկոս դեպքերում ժամանակի ընթացքում հետ է զարգանում, սակայն առկա է 30 տոկոս հավանականություն, որ հիվանդությունը կզարգանա հանգեցնելով մի շարք բարդությունների: «Ժամանակակից բժշկությունը սպասելու և տարբեր սցենարներին հետևելու տակտիկային կողմնակից չէ: Առավել անվտանգ է ժամանակին կատարել վիրահատությունը և կանխարգելել հիվանդության զարգացումն ու բարդությունների առաջացումը»,-նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն, ու հավելում, որ անցյալում են այն ժամանակները, երբ ապենդիքսը վիրահատելու համար մեծ կտրվածք էր արվում, ներկայումս ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նախապատվությունը տրվում է փոքր կտրվածքներով լապարասկոպիկ վիրահատությանը։ Ի շնորհիվ լապարասկոպիկ վիրահատության քիչ տրավմատիկ լինելու, վիրահատությունից արդեն մի քանի օր անց հիվանդները վերադառնում են իրենց սովորական առօրյա գործունեությանը։

70823958_677225512764102_1456105110047293440_n

Մեկ այլ լայնորեն տարածված խնդրի՝ լեղաքարային հիվանդության դեպքում, հիվանդությունը երկար ժամանակ կարող է մնալ անախտանիշ։ Առավել հաճախ լեղաքարային հիվանդության ախտանիշները դրսևորվում են լեղային խիթի ձևով։ Սուր ցավային նոպայի առաջացումը կապված է լեղապարկի կամ պարկային ծորանի քարով խցանման հետ։ Լեղապարկում քարերի առաջացման պատճառ է լեղապարկի ֆունկցիայի խաթարումը։ Նորմայում սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո լեղապարկը պետք է կրճատվի և որոշակի քանակությամբ լեղի արտամղվի տասներկումատնյա աղիք՝ այդպիսով մասնակցելով մարսողության գործընթացին։ Լեղապարկի ոչ բնականոն գործունեության արդյունքում, առաջանում է լեղականգ, որը մյուս նախադրյալների՝ բորբոքման և նյութափոխանակության խանգարումների հետ միասին նպաստավոր պայմաններ է ստեղծում քարերի ձևավորման համար։

70845469_654300568412715_8665537823274696704_n

Լեղապարկի սուր բորբոքման (խոլեցիստիտի) ժամանակ վիրաբույժ Գոռ Գրիգորյանը բուժումը նախընտրում է սկսել պահպանողական միջոցներով, որի օգնությամբ հիվանդի վիճակը բարելավվում է, մեղմանում է բորբոքային ռեակցիան, ստեղծելով նպաստավոր պայմաններ պլանային վիրահատության համար, որը վիրաբույժ Գոռ Գրիգորյանը հակացուցումների բացակայության պայմաններում նույնպես նախընտրում է կատարել լապարասկոպիկ եղանակով։ Ի դեպ, սխալ է ընդունված այն կարծիքը, որ հեռացվում են միայն լեղապարկի քարերը, բորբոքված լեղապարկը հեռացվում է ամբողջությամբ՝ քարերի հետ միասին:

70904258_765629457208114_2551189562843987968_n

Դեպի ողնաշար ճառագայթող՝ գոտևորող ցավը, սրտխառնոցը, փսխումները, ընդհանուր թուլությունը, կարող են վկայել ենթաստամոքսային գեղձի բորբոքման ՝ սուր պանկրեատիտի մասին։ Պանկրեատիտը սկզբնական փուլերում բուժվում է պահպանողական եղանակով, սակայն հիվանդության խորացման և բարդությունների առաջացման պարագայում անհրաժեշտություն է առաջանում դիմել վիրահատության։ Պանկրեատիտի առաջացման հայտնի պատճառներից են՝ ալկոհոլի չարաշահումը, անորակ դժվարամարս սննդի օգտագործումն ու լեղաքարային հիվանդությունը։ Վիրաբույժ Գոռ Գրիգորյանը նշում է, որ վիրահատության անհրաժեշտություն է առաջանում, երբ ենթաստամոքսային գեղձի մի մասը կամ գեղձն ամբողջությամբ ենթարկվում է մեռուկացման: Այս դեպքում նույնպես բժիշկը նախընտրում է վիրահատությունն անցկացնել լապարասկոպիկ եղանակով։

71059062_737969150007696_5081681828612407296_n

71475874_1842160995930475_1872138663362560000_n

Ստամոքսի խոցային հիվանդությունը, չնայած հանրության շրջանում որոշակի անվստահությանը, այսօր միանշանակ բուժելի հիվանդություն է համարվում։ Ստամոքսի խոցը զարգացման սկզբնական շրջանում բուժվում է թերապևտիկ եղանակով, սակայն այն ոչ միշտ է էֆֆեկտիվ, և հաճախ վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում։ Բացի այդ, բարձիթողի դեպքերում հիվանդությունը կարող է զարգանալ և հանգեցնել մի շարք վտանգավոր բարդությունների, ինչպիսիք են՝ խոցի թափածակումը (պերֆորացիան), արյունահոսությունը, ստամոքսաելքի նեղացումը և պենետրացիան՝ խոցի թափանցումը հարևան օրգանների մեջ։ Ստամոքսի խոցային հիվանդության բարդությունների առկայությունը վիրահատական բուժման համար բացարձակ ցուցում է հանդիսանում։ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանը, ստամոքսի խոցի վիրահատական բուժման հորուստ փորձ ունի, և կախված հիվանդության զարգացման փուլից, խոցի տեղակայումից, բարդությունների առկայությունից, իր հիվանդներին առաջարկում է ամենից հարմար բուժման տարբերակը։

71064162_825905734497460_2831777530023772160_n

«Պլանային վիրահատության եղանակը ընտրելուց առաջ երկար զրուցում եմ հիվանդի հետ, քննարկում վիրահատության տարբերակները, նշում առավելություններն ու հնարավոր խնդիրները: Ես հիվանդներիս խորհուրդ եմ տալիս ընտրել բժշկի, որին լիարժեք կվստահեն: Չէ՞ որ դժվար ճանապարհը միայն հուսալի ընկերոջ հետ է հեշտ անցնել»,-նշում է ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս հետևել առողջությանը, ժամանակին դիմել համապատասխան մասնագետի և չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ հիվանդությունը, որն այսօր կարելի է բուժել դեղորայքով, վաղը շտապ վիրահատության պատճառ կարող է դառնալ։

71266899_2439638829459524_1328355843313238016_n 71326819_383179075892647_7413256914609373184_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը